Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի (ՔԿ) տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են քննչական և դատավարական գործողությունները:
«Դավիթ և Էլինա» ընկերությանը պատկանող՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից որպես պետությանը պատճառված վնասի հատուցում հոկտեմբերի 16-ին, այնուհետև՝ հոկտեմբերի 23-ին Քննչական կոմիտեի դեպոզիտի հաշվին փոխանցվել է 50 միլիոն դրամ։ Նշված ընկերության տնօրենին և տեխնիկական սպասարկման կայանի պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», և 325-րդ հոդվածի 2-րդ մասով` «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Այս քրեական գործի շրջանակներում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում որպես պետությանը պատճառված վնաս «Դավիթ և Էլինա»-ի կողմից ընդհանուր առմամբ վերականգնվել է 100 միլիոն դրամ։
ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օրերս վերականգնվել է 10 միլիոն դրամ:
Տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս, հաղորդում է Քննչական կոմիտեն: Այսօրվա դրությամբ, ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից ՔԿ դեպոզիտ հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 371 միլիոն 400 դրամ, ասված է հաղորդագրությունում:
Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։