Մատչելիության հղումներ

«Պետք է ցրել Ազգային ժողովը»․ ակցիա խորհրդարանի շենքի բակում


Ակցիան ԱԺ շենքի բակում, Երևան, 24-ը հոկտեմբերի, 2018թ․

Ազգային ժողովը պետք է հրատապ լուծարվի և նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ այս հույսով առավոտից Ազգային ժողովի շենքի բակում մարդիկ էին հավաքվել և ուղիղ հեռարձակմամբ հետևում էին՝ ինչ է կատարվում խորհրդարանի ներսում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աջակիցները հույս ունեն, որ պատգամավորները չեն դիմի սաբոտաժի և այս անգամ դեմ կքվեարկեն «Ելք» խմբակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Փաշինյանի թեկնածությանը: Գործող Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով, եթե խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ, ինչն էլ հենց ծրագրել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդարանի շենքի բակում հավաքվածները պնդում էին՝ ԱԺ ներկայիս կազմը ընտրված չէ ժողովրդի կողմից:

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի Հանրապետական կուսակցությունը հերթական սաբոտաժի չգնա, քանի որ հայ ժողովուրդը, քաղաքացիները բոլորը պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ դրա միակ ճանապարհը, որ ընտրեց վարչապետ Փաշինյանը, վարչապետի հրաժարականի ուղիով է տանում, այդ իսկ պատճառով պետք է, որ այսօր և մեկ շաբաթ հետո Ազգային ժողովը չընտրի վարչապետ: Սա ճնշում չի, սա քաղաքացիները օգտագործում են իրենց իրավունքը, իրականացնում են իրենց իրավունքը, որը իրենց տրված է Սահմանադրությամբ», - ասաց հավաքվածների մեկը:

Քաղաքացիները կարծում են, որ Հանրապետական կուսակցությունը չպետք է լինի Ազգային ժողովում, քանի որ Ազգային ժողովը «ինչպես մեկ տարի առաջ չի եղել լեգիտիմ, այնպես էլ հիմա ժողովրդի նյարդերի հետ է խաղում»: Հավաքվածները հույս հայտնեցին, որ Հանրապետականը թեկնածու չի առաջադրի:

«Պետք է ցրել Ազգային ժողովը: Հանրապետական կուսակցությունը այլևս չպետք է գոյություն ունենա: Էն ինչ ժողովուրդը քաշեց իրանց երեսից, Հանրապետականի երեսից, այ այսօր որ մենք էս վիճակում ենք, ցնցոտիավոր ա դարձել էսօր ժողովուրդը իրանց երեսից», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG