Մատչելիության հղումներ

«Առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ չընտրվելու համար». Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը


Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը։

Հայտարարելով, որ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և իրենք նպատակ չունեն այժմ ընտրել Նիկոլ Փաշինյանին։

«Այս ամենն արվում է, որպեսզի ապահովենք Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը՝ հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներից և իրավական անիմաստ բանավեճերից խուսափելու համար», - ասաց Նազարյանը՝ նշելով, որ իրենց թեկնածուի կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ բոլորը ծանոթ են։

Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց՝ առաջադրվել է ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար։

«Իմ առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ։ Ես առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար, հետևաբար՝ Ազգային ժողովը չպետք է քվեարկի իմ օգտին։ Իսկ առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիմտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցքը բացառելը։ Միանշանակ է և աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ի վերջո պետք է դառնան Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը», - ասաց Փաշինյանը։

«Հին Ընտրական օրենսգրքով Հանրապետականը խորհրդարան անցնելու շանս չունի»

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովրդի իշխանությունը հաղթելու է նաև հին Ընտրական օրենսգրքով։

«Ի վերջո պատասխանեմ այն հարցին, թե արդյո՞ք եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հին Ընտրական օրենսգրքով, դրանով կոռումպացված համակարգը ռևանշի հասնելու հնարավորություն կունենա: Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, որովհետև համակարգն ու դավադրությունն ամբողջությամբ բացահայտված է, և ուրեմն ժողովրդի հետ երկխոսությամբ մենք կփակենք ապօրինի ռևանշի բոլոր հնարավոր սողանցքները», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ժողովրդի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում անխուսափելի է, նույնիսկ հին Ընտրական օրենսգրքով։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ աշխարհի բոլոր կոռումպացված համակարգերը պարտվել են իրենց իսկ գրած օրենքներով։ Էդ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար էր չէ՞ գրված, ինչպես մեզ հաջողվեց հենց Սերժ Սարգսյանի համար գրած Սահմանադրությամբ հասնել հենց Սերժ Սարգսյանի հրաժարականին, այդպես էլ ՀՀԿ-ի համար գրված օրենքներով մենք ընտրություններով կհաղթենք Հանրապետականին՝ ապահովելով հեղափոխության վերջնական հաղթանակը, և իրական իշխանափոխության հիմքերը դնել»։

Վարչապետը, դիմելով հանրապետականներին, ասաց՝ «հարգելի հանրապետականներ, հին Ընտրական օրենսգիրքը պահելով դուք մեծ ծառայություն եք մատուցում»։

«Հարգելի հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում։ Հին Ընտրական օրենսգիրքը պահելով դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում։ Հենց էդ ռևանշիստական մղումները պահեցիք, ընտրություններն ուզենք թե չուզենք լինելու է սևի ու սպիտակի տրամաբանության մեջ, և դուք զրո ձայն եք ստանալու։ <...> Էդ ռևանշիստական բաները թողեք, որովհետև ձեզ մենակ վնասում եք, համակերպվեք, ի վերջո, գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանեք, դուք նույնիսկ դա չեք ուզում պահպանել։ Հին Ընտրական օրենսգրքով դուք ընդհանրապես չեք անցնելու։ Ձեր միակ շանսը փոփոխված Ընտրական օրենսգիրքն է՝ պարզ համամասնական ցուցակը։ Ինչքան լարվածությունը մեծ եղավ, այնքան ձեր դեմ է աշխատելու։ Մեկը չկա՞ ձեր շահը ձեզ բացատրի, չեմ հասկանում», - ասաց Փաշինյանը։

«Վերջ դրեք ձեր դավադիր կեցվածքին»

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ցանկանում է խոսել այլ դավադրությունների մասին։

Նախ նշելով, որ հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարված «տխրահռչակ» փոփոխությունները, որ հոկտեմբերի 2-ի ճգնաժամի պատճառ դարձան, և այդ օրենքի սահմանադրականության հարցով նախագահը դիմել է Սահմանադրական դատարան, Փաշինյանն ասաց՝ հավաստի ինֆորմացիա են ստացել, որ «էդ գործի քննարկման կոնտեքստում սահմանադրական ինչ-որ մարդիկ կան ակտիվ բանակցում են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի՝ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել և այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող հիմք դառնալ Ազգային ժողովը լուծարելուն»։

«Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ...», էս քվեարկության բառի համար է։ Իմ առաջադրվելու ամբողջ իմաստն այն է, որ այսօր ի վերջո տեղի ունենա քվեարկություն, որին դուք չմասնակցեք, կամ մասնակցեք, բայց կողմ չքվեարկեք, որ այս հարցը փակվի», - ասաց Փաշինյանը։

Նա կոչով դիմեց նախկին իշխանություններին. - «Պարոնայք, վերջ դրեք, ձեր դավադիր կեցվածքին և պահվածքին։ Համակերպվեք, որ ի վերջո Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի քաղաքական փոփոխություններ, որ ժողովրդի հաղթանակն այլընտրանք չունի, որ վերադարձ անցյալին չի լինելու՝ երբեք և ոչ մի պարագայում։ Որևէ մեկը դեռ կարիք ունի՞ համոզվելու ժողովրդի ուժի մեջ։ Այնպես մի արեք, որ մարդկանց նյարդերը տեղի տան, մեր նյարդերը տեղի չեն տա, բայց ժողովրդի նյարդերը կարող են տեղի տալ»։

«Սեպը սեպով պետք է հանել»

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած ընտրություններին՝ Փաշինյանը հայտարարեց, որ «քրեական, տնտեսական էլիտան կարողացել է մարդկանց ուղղորդել որոշակի քվեարկության, հասնել ցանկալի արդյունքի»։ Ըստ Փաշինյանի, Հանրապետականը հույս ունի այս մոդելն օգտագործել նաև հաջորդ ընտրություններում. - «Դա ձեզ չի հաջողվելու»։

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանի Սյունիքի մարզպետ նշանակմանը՝ վարչապետի թեկնածուն ասաց. - «Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական ու ժողովրդական իշխանությունը։ Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի, աներկբա պետական, ժողովրդական իշխանություն, և սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ՝ ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարց։ Այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի գործունեության բոլոր մանրամասներին և նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական և քրեական էլիտայի ազդեցությունը։ Ինչպես ասում են՝ սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պետք է հանես։ Ահա սա էր Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը»։

«Քանի պաշտոնյա կա, որ կաշառք է վերցնում, Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենալու»

Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն իր գլխավոր առաջնահերթությունն է մնում, և անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, Փաշինյանն ասաց, որ քննիչները շատ ծանրաբեռնված են աշխատում, նաև տարբեր գործոններ էլ են ազդում։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու՝ կաշառքի գործով։

Նիկոլ Փաշինյանն անուն չտվեց, բայց նշեց, որ արդեն մի քանի ամիս է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունից սպասում են կոնկրետ փաստաթղթի, որը հնարավորույուն կտա իրականացնել կալանավորումը։

«Քանի պաշտոնյա կա, որ կաշառք է վերցնում Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենալու», - ասաց Փաշինյանը։

«Մարտի 1»-ի գործը մինչև վերջին անկյունը բացահայտվելու է»

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործը մինչև վերջին անկյունը բացահայտվելու է։

«Որևէ մեկը չկասկածի, որ «Մարտի1»-ի դեպքը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու են, և ես բոլորիս ուղղակի կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենն, ինչ, ես հուսով եմ, առաջիկայում կիմանաք և ոչ միայն այս գործով», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG