Մատչելիության հղումներ

Սաուդցի լրագրողի սպանության պատճառով խոշոր ընկերությունները բոյկոտում են Էր-Ռիյադում մեկնարկող համաժողովը


Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման, արխիվ

Սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության շուրջ ծագած սկանդալի ֆոնին Էր-Ռիյադում այսօր մեկնարկում է թագավորության թերևս ամենախոշոր տնտեսական միջոցառումներից մեկը՝ «Դավոսն անապատում» տնտեսական համաժողովը:

Հոկտեմբերի 2-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում թագավորության կոշտ ընդդիմախոսի սպանության պատճառով տասնյակ համաշխարհային խոշոր ընկերություններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, չեղարկել են իրենց այցերը Սաուդյան Արաբիա: Ըստ թուրքական իշխանությունների, հենց այդ երկրի իշխանություններն են կանգնած լրագրողի դաժան սպանության հետևում։

Սաուդյան Արաբիայի փաստացի առաջնորդ՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի նախաձեռնած համաժողովը բոյկոտել են մի շարք խոշոր բանկեր, լոնդոնյան ֆինանսական բիրժայի գլխավոր տնօրենը, Ford Motor-ի ղեկավարը, Uber-ի, Google-ի ներկայացուցիչները: Մինչդեռ ավելի քան հարյուր միջազգային ներդրողներ մասնակցության հայտ էին ներկայացրել:

Իր մասնակցությունը չեղարկել է նաև բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, ով սաուդյան իշխանությունների հետ քննարկում էր ներդրումային մի շարք նախագծեր, իսկ նրա ընկերություններից մեկն արդեն համագործակցում է Կարմիր ծովի ափին զբոսաշրջության զարգացմանն ուղղված Սաուդյան Արաբիայի նախագծերի հետ: Համաժողովը լուսաբանելու մտադրությունից հրաժարվել են նաև միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ The New York Times-ը, CNN-ը, Financial Times-ը, Bloomberg-ը։

Ներդրումային այդ համաժողովին ներկա չի լինի նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:

Միջոցառմանը հրաժարվել են մասնակցել նաև Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիամ Ֆոքսը, Ֆրանսիայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Բրյունո Լը Մերը: «Ես չեմ մեկնի Էր-Ռիյադ», - հայտարարել է ֆրանսիացի պաշտոնյան: - «Մեր երկրի նախագահը հստակ հասկացրել է՝ փաստերը շատ լուրջ են, և մենք ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը»:

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ հենց Ֆրանսիայի ղեկավարի ջանքերով հանգուցալուծվեց սաուդյան իշխանությունների մասնակցությամբ ևս մեկ դիվանագիտական սկանդալ, երբ Մուհամեդ բին Սալմանի կառավարությունը փաստացի տնային կալանքի էր ենթարկել օտար պետության ղեկավարի՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին՝ ստիպելով նրան հրաժարական տալ: Լիբանանի առաջնորդին հաջողվել է հայրենիք վերադառնալ Էմանյուել Մակրոնի ջանքերի շնորհիվ:

Նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի կառավարության 33-ամյա ղեկավար Մուհամեդ բին Սալմանն այս համաժողովը կազմակերպում է իր «Տեսլական-2030» հավակնոտ ծրագրի շրջանակում:

Իր շարադրած բարեփոխումների շնորհիվ թագաժառանգը նպատակ ունի նվազեցնել երկրի տնտեսության կախվածությունը էներգակիրներից։

Մեկ տարի առաջ Վաշինգտոնում հաստատված սաուդցի հայտնի լրագրողը Ջամալ Հաշոգին, ով թղթակցում էր ամերիկյան առաջատար The Washington Post պարբերականին, իր հոդվածներում հաճախ էր քննադատում թագաժառանգին՝ պնդելով, որ նա ճիշտ բարեփոխումներ է փորձում իրականացնել, սակայն ծայրաստիճան սխալ ճանապարհով՝ ճնշելով ընդդիմախոսներին, զուգահեռաբար թանկարժեք պատերազմ սկսելով Եմենում, որը հանգեցրել է այդ երկրում հումանիտար աղետի:

XS
SM
MD
LG