Մատչելիության հղումներ

«Մեզ ստիպել են, որ մենք գնանք դեմ մեր ժողովրդին»․ - նախկին զինծառայողը վերհիշում է մարտիմեկյան դեպքերը


Երևան, 1-ը մարտի, 2008թ․
Երևան, 1-ը մարտի, 2008թ․

2008 թվականի փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Երևանի Սարյան և Լեո փողոցների խաչմերուկում անցկացրած շարքային զինծառայող Հովիկ Մնացականյանը «Ազատության» հետ զրույցում որոշ մանրամասներ վերհիշեց, պնդելով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող տեղյակ չլինել այդ օրերին բանակը զորանոցային վիճակի բերելու՝ մասնավորապես մայրաքաղաք տեղափոխելու և քաղաքական գործընթացներում ներգրավելու մասին։

«Մենք գնում էինք մեր երկրին դեմ ուրեմն, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը ու իրա սաղ մնացածով, մեզ, մեր կամքին հակա, ստիպել են, որ մենք գնանք դեմ մեր ժողովրդին», - ասաց զինծառայողը:

Քոչարյանի փաստաբանները բազմիցս են հայտարարել՝ բանակը զորանոցային վիճակի բերելու մասին թիվ 0038 հրամանի մանրամասներին երկրորդ նախագահը տեղյակ չի եղել, ընդհակառակը՝ այդ հրամանի նպատակն է եղել կանխել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում:

2008-ին դեռ 18-ամյա Հովիկը ծառայում էր պաշտպանության նախարարության հատուկ նշանակության գնդում։ Նա պատմեց, որ իրենց ևս ոտքի էին հանել՝ որոշելով զինել և տեղափոխել կենտրոն՝ ցույցերը ցրելու։ Զորամասում օրեր շարունակ տագնապ էր հայտարարված։ Քնում էին զինվորական համազգեստով, զենքը ձեռքներին։ «Իրիկունը եկավ, մեզի ասեցին, որ մենք պիտի չհանենք մեր շորերը ու մենք քնենք պտի շորերով, որովհետև լյուբոյ վայրկյանի կարա լինի էնպես, որ մենք կարողա դուրս գանք: Ու ցերեկն էլ, ընթացքում, դասերի փոխարեն մեզ, ուրեմն, բուրգեր էին սարքում սենց՝ դեմը 10 հոգի, 9 հոգի, 8 հոգի, 7, 6, մինչև 1-ը, 30 հոգուց սենց սարքում էին բուրգեր, ես բռնում էի իմ դիմացի կանգնած տղայի բրոնեժիլետներից, սենց, կողինս, հակառակ, բռնում էր նրանից, ու սարքում էին մի հատ սենց բուրգ, ու մեկ հրամանի դեպքում մի հատ մեծ շագ էինք, քայլ էինք անում, որ ասենք պետք լինի՝ ժողովրդին հրեն, բրդեն, ու հետաքրքրվում էինք՝ ինչի համարա, ասում էին, որ յանի ժողովուրդը, ցուցարարներին մենք բրդենք: <․․․> Զենքերով քնում էինք», - փոխանցեց Հովիկ Մնացականյանը:

Նախկին զինվորը պատմում է, որ սովորական դեպքերում իրենց հատկացվում էր մեկ տասնյակից ավելի փամփուշտ, Մելիք-Ադամյան՝ Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ տեղափոխելուց առաջ, սակայն, յուրաքանչյուրը ստացավ վեց տասնյակից ավելի փամփուշտ։ «Ու արդեն էդ ժամանակ մեզ տվեցին փամփուշտներ 60 հատ՝ 2 փամփշտատուփ փամփուշտ, բաևոյ», - հավելեց Մնացականյանը:

Հասնելով Մելիք-Ադամյան փողոց՝ լսվեցին լուսաձայնային նռնակների ձայները, վերհիշեց Հովիկ Մնացականյանն, ում խոսքով՝ մարտյան այս արյունալի իրադարձությունները խորը հետք են թողել իր և այնտեղ գտնվող մյուս զինվորների վրա։ «Ուժեղ սենց աժիոտաժ էր, վազում էին էդ հաստավզերը, ախրաննիկները ջիպերով գալիս էին, սաղի բագաժնիկները բացում էին՝ զենքեր, ասենք, ընդե, հիմա զրպարտել չլինի, ասենք, ես տեսել եմ», - պատմեց նախկին զինծառայողը:

Հաջորդ կրակոցներն արդեն Սարյան-Լեո հատվածում էին, շարունակեց նախկին զինվորը։ Եվ այդ ժամանակ էր, որ լսեցին ոստիկանության զորքերի ծառայողի մահվան մասին․ մեկը մյուսին էին փոխանցել իրենց հասած լուրը՝ զինվորը զոհվել է լուսաձայնային նռնակից՝ փորձելով պաշտպանել ընկերներին։ «Ուրեմն նռնակը նետել են, նռնակը նետել են ու ոստիկանության զորքերից մի հատ սպա իրան քցել ա էդ նռնակի վրա, որ տղաներին բան չլինի: Էդ սպան մահացել է: Ես էտի էդ վախտ լսել եմ, չեմ տեսել, ես չգիտեմ՝ ով ա նետել էտի», - ասաց Մնացականյանը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Լեոյի փողոցի հատվածում վիրավորվել, ապա 40 օր անց հիվանդանոցում մահացել է ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը։ Եվ վերջերս էլ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էր հայտարարել, որ Աբգարյանը սպանվել էր հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի իշխանությունները հիմնավորեին արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG