Մատչելիության հղումներ

Մշակույթի փոխնախարար․ «Ես շատ կուզեմ, որ մենք իրոք ունենանք երևանցու հպարտությունը և ավանդույթը և ապրելակերպը»


Երևանը աշնանը, արխիվ
Երևանը աշնանը, արխիվ

Երևանը 2800 տարեկան է: Մեր մայրաքաղաքի այս պատկառելի տարիքն իհարկե շոյում է յուրաքանյուր հայի ինքնասիրությունը՝ չէ որ Երևանը մայրաքաղաքն է աշխարհասփյուռ ողջ հայության, որն իր բոլոր երազանքների իրականացման վայր է դիտարկում Երևանը, իսկ մայրաքաղաքի բնակիչներն էլ իրենց հերթին տարեցտարի նորանոր հույսեր են փայփայում՝ ոչ միայն քաղաքն ավելի բարեկարգ, մաքուր և առավել քաղաքակիրթ տեսնելու, այլև առավել բարեկեցիկ կյանքով ապրելու Երևանում:

Շատ է խոսվել տարիներ շարունակ հատկապես Երևանի կենտրոնի պատմամշակութային հուշարձանների գրեթե հիմնավոր ոչնչացման դեմ: Հարյուրից ավելի տարիների պատմություն ունեցող բազմաթիվ շենք-շինություններ վերացան, և դրանց փոխարեն վեր հառնեցին այսպես կոչված էլիտար շենքերը՝ ամբողջովին փոխելով հին Երևանի դիմագիծը: Իհարկե խոստացվել էր, որ այդ հին շենքերը դեռ կվերականգնվեն մեկ առանձին տարածքում, բայց շատերի, այդ թվում և մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի համոզմամբ՝ դա հին շենքերի պահպանման լավագույն միջոցը չէ:

«Ինձ համար դա հին շենքերի պահպանման մի ձև է, որ ես կարող եմ ընդունել, բայց ավելի հակված կլինեի, որ մենք․․․․ Ամեն դեպքում հին Երևանը, որ մենք միշտ ասում ենք՝ Երևանը սովետական քաղաք է, նոր է և այլն, այդպես չէ, Երևանը իրոք 2800 տարեկան է, ես դա որպես արվեստաբան և պատմաբան եմ ասում: Երևանը երբեք չի դադարել գոյություն ունենալ՝ և՛ որպես գյուղ է եղել, հետո քաղաք է եղել, հետո՝ մեծ քաղաք, հետո մուսուլմանական քաղաք է եղել իսլամական շրջանում, այսինքն՝ 13-14-րդ դարերում մեծ քաղաք է եղել, որտեղ թաղամասեր են եղել և եղել է հայկական թաղամաս, և ի վերջո մենք ունենք 17-րդ դարը՝ պարսկական իշխանության ներքո: Մենք ճանաչում ենք միայն մզկիթը և բերդը, բայց հետո հսկայական քաղաք է եղել: Եվ, իհարկե, 19-րդ դարի վերջ-20-ի սկիզբ, և Առաջին հանրապետության օրոք», - «Ազատության» հետ զրույցում ասաց փոխնախարարը:

«Մենք ունենք հրաշալի շենքեր art nouveau, art deco-ի ոճի մեջ, դարասկզբյան ոճի մեջ, որ այդքան արագ թափանցել է Հայաստան, և դրանք մի քանի բան են պահպանվել և փառք Աստծո, որ պահպանվել են: Ասելիքս որն է՝ որ եթե մենք կարողանայինք պահպանել ամբողջական այդ կենտրոնը, ես հասկանում եմ այնտեղի բնակիչների ծանր պայմանները, բայց կարելի էր ներսից մոդեռնացնել, բայց թողնել այնպես ինչպես կա, ինչպես բոլոր քաղաքակիրթ քաղաքներում է՝ ունեն իրենք իրենց «հին քաղաքի կենտրոն» հասկացությունը», - ընդգծեց Նազենի Ղարիբյանը:

Իհարկե յուրաքանչյուր քաղաք, համոզված է մշակույթի փոխնախարարը, գոյության հարյուրամյակներից եկող իր որոշակի, անկրկնելի շունչն ու հոգին ունի, որը եզակի է և միայն այդ քաղաքին հատուկ: «Եթե դուք եղել եք տարբեր հնագիտական հուշարձաններում, զգացած կլինեք և ասում եք՝ էստեղ աուրա կա, էդ աուրան էդ դարերի ապրածն է, և դա այլևս չկա, և շատ ցավալի է: Երևանը իմ քաղաքն է, և ես շատ եմ սիրում Երևանը, իրոք, և շատ կուզեմ, որ Երևան, երևանցի, երևանյան մշակույթ, քաղաքային մշակույթ՝ մենք դա կարողանանք․․․ մենք չունենք դա կամ կորցրել ենք, մենք կարողանանք դա նորից ձևակերպել և ապրել երևանցի որպես՝ երևանյան ոճով, դա լինի ոճ, ինչպես որ մենք ասում ենք՝ փարիզյան ոճ, կամ լոնդոնյան ոճ: Ես շատ կուզեմ, որ մենք իրոք ունենանք երևանցու հպարտությունը և ավանդույթը և ապրելակերպը», - ասաց Նազենի Ղարիբյանը:

Այսօր և վաղը Երևանի ծննդյան հոբելյանը նշելու ամենատարբեր նախաձեռնություններ են իրականացվելու մայրաքաղաքում: Մշակութային միջոցառումների մեծ մասը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը: Իսկ ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, ապա, ինչպես ի պատասխան «Ազատության» հարցի ընդգծեց փոխնախարարը, տարբեր կազմակերպություններ և անհատներ դիմել են նախարարություն միջոցառումներ անցկացնելու համար: «Ինձ համար շատ կարևոր է, որպես մշակութային արժեք և որպես արվեստաբանական արժեք, բարձրաձայնել այդ մասին՝ մենք պատրաստվում ենք անել պլակատի ցուցահանդես: Պլակատային արվեստը վերջին տարիներին ընդհանրապես գրեթե չի հնչում, չի լսվում, ընդ որում՝ և՛ հին պլակատի՝ Երևանին նվիրված, և՛ նոր մարդկանց, որոնք պլակատային արվեստում մեծ հաջողություններ ունեն, բայց որոնց ձայնը չի լսվում, այսինքն՝ մենք այդ արվեստի տեսակը որպես էդպիսին մոռացել ենք: Եվ ես շատ-շատ ոգևորված եմ, մենք շատ գեղեցիկ պլակատներ ունենք, որոնք փոշու մեջ կորած՝ պահեստներում կլինի, գրադարաններում թե թանգարաններում, էդպես անտեսված մնացած են, բայց փառք Աստծո, որ պահպանված են, հիմա մենք այդ պլակատի ցուցահանդեսը պետք է անենք, բայց կլինի դեկտեմբերին հավանաբար», - ասաց Ղարիբյանը:

«Ամբողջ տարին միջոցառումների շարք կա՝ բոլորը մի օրվա մեջ կենտրոնացնել հնարավոր չէ, և ավելի լավ: Այսինքն, էսպիսի բումից հետո ոչ մի բան չլինի՞: Մենք մտածում ենք, որև անընդհատ ինչ-որ միջոցառում լինի շարունակական», - ընդգծեց մշակույթի փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG