Հանրապետական կուսակցությունը երեկ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որը վարել է Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ Աշոտյանի, նիստին քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվել են սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։
Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:
Օրեր առաջ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։
Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: