Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը. Զոհրաբ Մնացականյան


Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը, ասել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ ընդունելով ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ որպես Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենքի՝ Մնացականյանն արձանագրել է, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար:

Արտգործնախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունն է ՀԸԳՀ-ի արդյունավետ և գործնական կիրարկման ուղղությամբ կառավարության ռեսուրսների մոբիլիզացումը:

Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը:

Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին

ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համատեքստում՝ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունն ազատ և արդար ընտրական գործընթաց ապահովելու ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների և, մասնավորապես, Եվրոպական միության աջակցությունը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցության հեռանկարները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը և Թոմաս Մայր-Հարթինգը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնահերթությունները: Երկուստեք ընդգծվել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG