Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ


Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, 22-ը սեպտեմբերի, 2018 թ․
Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, 22-ը սեպտեմբերի, 2018 թ․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր ղեկավար ունի։ Այսօր ֆեդերացիայի արտահերթ ժողովին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որն առաջադրված միակ թեկնծուն էր, միաձայն ընտրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Մինչ քվեարկությունը, «Ազատության» հարցին՝ արդյո՞ք պատրաստ է ղեկավարել ֆեդերացիան, Վանեցյանը դրական պատասխանեց տվեց:

Իր ելույթում Վանեցյանը, մասնավորապես, ասաց․ «Փակելու ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը, նաև, մեր հերթին, ամեն ինչ անելու ենք՝ ակումբներին աջակցելու համար»:

Վանեցյանի խոսքով` ֆուտբոլը բոլորի համար է։ Հենց այդ սկզբունքով է նա առաջնորդվելու: Նշում է՝ ֆուտբոլին պետք է մոտենալ որպես սոցիալական նախագծի։ Իր առաջարկած ծրագրերում խոստանում է ֆուտբոլ խաղալու անվճար հնարավորություն ստեղծել Հայասատանի բոլոր բնակավայրերում: Դա, սակայն, ըստ Վանեցյանի , բարդ և ֆինանսական ծախսերի հետ կապված լրջագույն խնդիր է: «Մեր երկրում յուրաքանչյուր համայնք գոնե մեկ խաղադաշտ պետք է ունենա՝ հասանելի բոլորին։ Մարզերն ակտիվորեն ներգրավվելու են ֆուբոլում»,- խոստացավ Վանեցյանը:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, նա նկատում է՝ զարգացման ճանապարհը մեկն է. «Առաջնահերթություն ենք համարում համակարգ ստեղծելը, որպեսզի հույսը չդնենք երբեմն փայլատակող աստղերի վրա»:

Ֆեդերացիայի նորանշանակ նախագահն ասաց նաև, որ արդեն հանդիպել է Հայաստանի հավաքականի անդամներին։ Պնդեց՝ որևէ կերպ չի միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների կազմի ընտրությանը։ Մարզիչներից միայն պահանջելու է, որ ապահովեն արդյունքներ․ «Լինելու է գլխավոր մարզիչ, լինելու է մարզչական շտաբ, նրանք են որոշում կայացնելու, թե ով է խաղալու հավաքականում»։

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին, Վանեցյանն ասաց՝ այդ լուրն անսպասելի էր իր համար։ Այժմ ակտիվորեն աշխատում են հավաքականի նոր մարզիչ գտնելու ուղղությամբ, արդեն կան մի քանի թեկնածուներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե ով է նոր մարզչի հիմնական թեկնածուն։

Արդյո՞ք ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կիսատ թողած աշխատանքներն ավարտին հասցնելու է, այս հարցին Վանեցյանը պատասխանեց՝ այն, ինչ կիսատ է թողնվել շինարարական աշխատանքներում, կհասցվի ավարտին։ Հարցին էլ՝ անձնական միջոցների կներդնի՞ ՀՖՖ ծրագրերում, արձագանքեց․ «Ես նման հնարավորություն չունեմ, որ անձնական միջոցներս ներդնեմ, բայց կարծում եմ՝ եղած գումարներն արդյունավետ օգտագործելու դեպքում մենք նման խնդրի առաջ չենք կանգնի»։

Այսօր ընտրվեց նաև ՀՖՖ գործկոմի նոր կազմը։ Նորընտիր անդամների թվում են առողջապայության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա արտահերթ ժողովին ներկա չէր Ռուբեն Հայրապետյանը, ով շուրջ 16 տարի գլխավորել է ֆեդերացիան։ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ևս այսօր հրաժարվեց իր պաշտոնից։ «Ազատության» հետ զրույցում նա իր հրաժարականը պայմանավորեց հանգամանքով, որ Ռուբեն Հայարապետյանը չառաջադրվեց, նաև անձնական խնդիրներով: Սակայն հավելեց՝ Արթուր Վանեցյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արժանի նախագահ է համարում:

Արթուր Վանեցյանն այսօր վստահեցրեց՝ ֆեդերացիայում կադրային ջարդ չի լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG