Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի զինված ուժերի մի ծառայողի՝ անցյալ ամիս Ահվազ քաղաքում հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ընթացքում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ:
Հոկտեմբերի 14-ին դատախազության մամլո խոսնակն ասել է, որ գործի առնչությամբ դատախազություն են կանչվել ևս 11 զինվորականներ:
Նա նաև նշել է, որ ռազմական դատարանը ուսումնասիրում է գործն՝ առանց լրացուցիչ մանրամասներ ներկայացնելու:
Հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի վերջին. կեղծ զինվորական համազգեստ կրող զինյալներն անկանոն կրակ բացեցին Ահվազում կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների և հանդիսատեսների ուղղությամբ:
Հարձակման հետևանքով 25 մարդ զոհվեց, ընդ որում ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներին: Ահաբեկիչները ոչնչացվել են:
Շաբաթօրյա ահաբեկչության համար միանգամից երկու կառույց է պատասխանատվություն ստանձնել՝ «Իսլամական պետությունը» և «Ահվազի ազգային դիմադրությունը»։