Հոկտեմբերի 7-13-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:
Արցախի ռազմական գերատեսչության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՊԲ-ում սկսված հաստիքակազմակերպչական բարեփոխումների համալիր ծրագրի համաձայն ստեղծվել են մի շարք նոր զորամասեր ու ստորաբաժանումներ՝ այդ թվում հաշվի առնելով արդի մարտական գործողությունների վարման առանձնահատկությունները նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգում:
Նման զորամասերից մեկի բացմանը երեկ մասնակցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ: