Մատչելիության հղումներ

Գլուշկովը պատրաստվում էր ցուցմունք տալ Аэрофлот-ի և ՌԴ հատուկ ծառայությունների համագործակցության մասին. The Wall Street Journal


Аэрофлот-ի նախկին փոխտնօրեն Նիկոլայ Գլուշկովը մահվանից առաջ պատրաստվում էր ցուցմունք տալ ռուսական պետական ավիաընկերության և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համագործակցության մանրամասների մասին: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Լոնդոնի դատարանի փաստաթղթերը:

Նա չի հասցրել հրապարակային ցուցմունքներ տալ, սակայն դատարանի փաստաթղթերում կան նրա վկայությունները:

Այս տարվա մարտի 13-ին Նիկոլայ Գլուշկովը դատական նախնական լսումների նախօրեին Լոնդոնի իր բնակավայրում մահացած հայտնաբերվեց: Իրավապահները նախ դիտարկում էին ինքնասպանության վարկածը, սակայն հետաքննության ընթացքում քրեական գործ հարուցվեց սպանության հոդվածով: Ենթադրվում է, որ նրան խեղդամահ են արել շան պարանով:

1996-99 թվականներին Գլուշկովը Аэрофлот-ի փոխտնօրենն էր: Ըստ Լոնդոնի դատարանի փաստաթղթերի, Գլուշկովն ասել է, որ 1996 թվականին աուդիտ է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ավիաընկերության 15 հազար աշխատակիցներից 3.5 հազարը հատուկ ծառայությունների քողարկված գործակալներ են: Այս վկայությունը հաստատել է նաև Մարիա Լիտվինենկոն: Նա ռադիոակտիվ նյութով թունավորումից սպանված ռուսաստանցի նախկին հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոյի այրին է:

Մարիյա Լիտվինենկոն ասել է, որ իր ամուսինը ևս իրեն պատմել է ռուսական հատուկ ծառայությունների հետ Аэрофлот-ի կապերի մասին՝ նշելով, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ցանցում Аэрофлот-ը գլխավոր օղակներից էր:

Դեռ խորհրդային ժամանակներից հատուկ ծառայություններն ավիաընկերությունն օգտագործել են աշխարհով մեկ իրենց գործակալների աշխատավարձը վճարելու, գումարներ ուղարկելու ու անօրինական բեռներ տեղափոխելու համար:

Аэрофлот-ի ծախսերը կրճատելու նպատակով Գլուշկովը դիմել էր Ռուսաստանի հետախուզական երկու հիմնական կառույցների ղեկավարներին՝ առաջարկելով, որ նրանք վճարեն իրենց գործակալների աշխատավարձը: Ավիաընկերության ֆինանսական վիճակն անմիջապես բարելավել էր:

Սակայն դրանից քիչ անց իրավապահ մարմինները քրեական գործ են բացել՝ ուսումնասիրելով Аэрофлот-ի ֆինանսական մախինացիաները: Նիկոլայ Գլուշկովը ձերբակալվել էր:

Դատարանը չէր հաստատել ֆինանսական յուրացումների մեղադրանքը, բայց նրան 3 տարի 3 ամիս պայմանական ազատազրկման էր դատապարտել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: 2004-ին նա ազատ էր արձակվել, հեռացել Ռուսաստանից: 2010-ին քաղաքական ապաստան էր ստացել Բրիտանիայում, որտեղ արդեն բնակվում էր նրա նախկին գործընկեր ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկին։

Գլուշկովի դեմ Ռուսաստանում նորից գործ էր բացվել և 2017-ին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով նրան դատապարտել էր 8 տարվա ազատազրկման՝ Аэрофлот-ից 123 միլիոն դոլար հափշտակելու մեղադրանքով:

Վերջին տարիներին Գլուշկովը ֆինանսական դժվարություններ ուներ: Նա տեղափոխվել էր ավելի համեստ բնակարան: Գումարները չէին բավարարում փաստաբանների վարձատրության համար և նա որոշել էր անձամբ ցուցմունքներ տալ Լոնդոնի դատարանում:

Անցած սեպտեմբերին Guardian-ը հոդված էր հրապարակել, որտեղ՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ, գրել էր, թե ոստիկանությունն ուսումնասիրում է նաև 2013-ին Գլուշկովին թունավորելու փորձի ցուցմունքը: Նա ասել էր, թե երկու ռուսաստանցի փորձել են թունավորել իրեն: Հյուրանոցում միասին շամպայն են խմել ու նրանք թույն են լցրել իր բաժակի մեջ:

Բրիտանական ոստիկանությունն այն ժամանակ Գլուշկովի ցուցմունքն արժանահավատ չէր համարել:

Խեղդամահ արված Գլուշկովը հայտնաբերվել է այս տարվա մարտին: Բորիս Բերեզովսկու անկենդան մարմինը հայտնաբերվել էր 2013 թվականի մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG