Մատչելիության հղումներ

Մատենադարանում բացվեց հայ-ֆրանսիական կապերի պատմությանը նվիրված սրահ


Կլոդ Մութաֆյանը ՖՄԿ-ի գագաթնաժողովի մասնակիցներ երկրների ղեկավարաների կանանց ներկայացնում է նորաբաց ցուցասրահը:
Կլոդ Մութաֆյանը ՖՄԿ-ի գագաթնաժողովի մասնակիցներ երկրների ղեկավարաների կանանց ներկայացնում է նորաբաց ցուցասրահը:

Հայ-ֆրասիական կապերը գալիս են դարերի խորքից, և դրա վառ ապացույցներից է այսօր Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրատանը՝ Մատենադարանում բացված հայ-ֆրասիական կապերի պատմությունը ներկայացնող սրահը, որտեղ ներկայացված են չափազանց ուշագրավ նմուշներ՝ ձեռագրեր, քարտեզներ, պատմահետազոտական ուսումնասիրություններ, ներկայացված է նաև 10-րդ հայ-ֆրանսիական լատինատառ բառարանից մի հատված:

Ամենաուշագրավն այն փաստաթուղթն է, որի շնորհիվ տեղեկանում ենք, որ դեռ 4-րդ դարում Գրիգոր անունով մի հայ հոգևորական քարոզել է ներկայիս Ֆրանսիայի հարավում գտնվող մի շարք քաղաքներում, որոնք այն ժամանակ Հռոմեական կայսրության են պատկանել:

Ցուցադրության բացմանը ներկա էր նաև ՖՄԿ-ի 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ Երևան ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն: Նա Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ ծանոթացավ ոչ միայն հայ-ֆրասիական սրահում ներկայացված նյութերին, այլև շրջեց Մատենադարանի սրահներում՝ վստահաբար տպավորված:

Մինչև Օդրի Ազուլեի ժամանելը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց․ - «Եկել է այստեղ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում: Այստեղ Ազուլեի գտնվելու հիմնական նպատակը լինելու է հայ-ֆրանսիական ցուցասրահի բացումը»:

Նշենք, որ Մատենադարանում հայ-ֆրասիական սրահի համադրողը անվանի հայագետ, ֆրանսահայ մեր հայրենակից, Սորբոնի պրոֆեսոր Ժան Կլոդ Մութաֆյանն է:

«Մի քանի ամիս առաջ որոշվեց Ֆրանկոֆոնիայի առիթով մի ցուցահանդես կազմակերպել՝ ֆրանկ-հայկական հարաբերությունները դարերի ընթացքում: Եվ Մատենադարանը ինձ հրավիրեց՝ զբաղվելու այս գործով: Եկանք, մի քանի ամսվա ընթացքում այս ցուցահանդեսը սարքեցինք: Առաջին հետքերը չորրորդ դարն է, բայց ամենահզոր ժամանակաշրջանը խաչակիրների ժամանակն էր, երբ շատ կապեր եղան»:

Ժան Կլոդ Մութաֆյանը բազմաթիվ պատմագիտական նյութեր է ներկայացրել խաչակիրների և կիլիկյան Հայաստանի փոխհարաբերություններին առնչվող, բայց, ինչպես շեշտում էր, շատ հետաքրքիր է եղել մի փաստ․ - «Երբ որ խաչակիրները եկան և չորս պետություն հիմնեցին, պետք է հաստատվեին այնտեղ: Դրա համար, բնությունն այնպես է, որ իրենց կանայք էին պետք: Բայց պայմանները շատ խիստ էին․ պետք է տեղացի քրիստոնյա լինեին, իշխանուհի լինեին, հույն չլինեին և պետք է գեղեցիկ լինեին: Միայն հայ աղջիկներն էին, որ բավարարում էին այդ չորս պահանջներին: Շատ խառն ամուսնություններ եղան, ֆրանսերեն լեզուն բավական թափանցեց հայերենի մեջ: Ամենափայլուն օրինակը «պարոնն է», որ զուտ ֆրանսերենից է գալիս»:

Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի այցին Մատենադարան հաջորդեց նաև գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարների տիկնանց այցելությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG