Մատչելիության հղումներ

Բաբլոյան․ Փոփոխությունները Հայաստանում որևէ կերպ չեն ազդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցության վրա


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության ու բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ այսօր ընդունելով Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի գլխավորած պատվիրակությանը:

Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ ներքաղաքական հարցերի շուրջ բոլոր որոշումները պետք է կայացվեն քաղաքական քննարկումների և փոխհամաձայնության շրջանակում:

Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը: Բաբլոյանն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերգեյ Նևերովը համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել: Նա ևս կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:

Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Արա Բաբլոյանը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել նիստերի անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG