Մատչելիության հղումներ

Ադրբեջանուհին Լոնդոնում կոռուպցիայի դեմ պայքարի թիրախում է հայտնվել


Բաքվի Միջազգային բանկի նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիևը, արխիվ

Ռուս-բրիտանական սրված հարաբերությունների համատեքստում Լոնդոնն ամիսներ առաջ հայտարարել է, թե հետայսու ամենախիտ միջոցներով է հետևելու Բրիտանիայում հաստատված ռուս օլիգարխներին, ովքեր մեծ գումարներ են իրենց հետ բերում և շքեղ գույք գնում:

Տակավին վերջերս մեծահարուստ Ռոման Աբրամովիչը, ով «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, պարզեց, որ ունի բրիտանական վիզայի խնդիրներ:

Նման տհաճ անակնկալների են բախվել նաև տասնյակ ուրիշ մեծահարուստներ, ընդ որում ոչ միայն ռուսաստանցիներ, ահավասիկ՝ թարմ օրինակ՝ Զամիրա Հաջիևան: Նա Ադրբեջանի քաղաքացի է:

Հիմա փորձում է փրկել 11 և կես միլիոն բրիտանական ֆունտով ձեռք բերած շքեղ առանձնատունը: Նա արդեն կրել է առաջին պարտությունն իրավական դաշտում:

Դատարանը վճռել է, որ կարելի է հրապարակել նրա անուն-ազգանունը, դատավորի ձևակերպմամբ, «հանրությունն ունի նրա մասին տեղեկություններ ստանալու իրավունք»:

Այդ կինը փաստաբանների օգնությամբ բավական երկար ժամանակ պայքարել է անանուն մնալու համար, սակայն, ի վերջո, մամուլը վաստակել է նրա անուն-ազգանունը և սեփականությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակելու թույլտվություն:

Հաջիևան նախկին պետական աշխատողի կին է: Նա անցած տասնամյակում միայն Harrods խանութում ծախսել է 16 միլիոն ֆունտ: Harrods-ում վաճառում են գերթանկ զգեստներ և նվերներ:

Նա այնքան է կապվել այդ խանութի հետ, որ նույնիսկ առանձնատունն է գնել Harrods-ի հարևանությամբ: Բրիտանիայի դատարանը տիկին Հաջիևային կարգադրել է փաստաթղթերով տեղեկություններ ներկայացնել դիզած հարստությունների աղբյուրի մասին:

Unexplained Wealth Order՝ «Հարստության չբացահայտված կարգ» կոչվող օրենքից բխող պահանջի համաձայն Հաջիևան և նրա ամուսինը՝ Ջահանգիրը, Հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնին պետք է բացատրեն, թե ինչ միջոցներով են գնել Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Knightsbridge-ում գնել շքեղ տունը:

Ամուսինների փաստաբանները հայտարարել են, որ տեր և տիկին Հաջիևները որևէ ապօրինի քայլի չեն դիմել:

«Հարստության չբացահայտված կարգ» անվամբ օրենքը վերջերս է մտել ուժի մեջ և նպատակ ունի պատասխանատվության կանչել կոռուպցիոն գործարքների մեջ կասկածվող հարուստ օտարերկրացիներին:

Այդ օրենքը պարտադրում է անձին բացահայտել և փաստերով ներկայացնել հարստացման աղբյուրը: Եթե կասկածյալը չի կարողանում անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնել, Հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնը կարող է գործը փոխանցել դատարան, որն, իր հերթին, կարող է պետության օգտին օտարել գույքն ու բանկային ակտիվները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG