Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում բացվել է «Գիրք և գինի» ցուցահանդեսը


Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բացված ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից:

Նախ հայաստանյան մի շարք հրատարակչություններ ներկայացրել են ֆրանսիական ժամանակակից գրականություն՝ հայերեն թարգմանությամբ, իսկ Հայաստանի ազգային գրադարանը, Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը և Իսահակյանի անվան գրադարանը ներկայացրել են հայ-ֆրանսական գրական-մշակութային կապերին առնչվող մի շարք փաստաթղթեր, ժողովածուներ, ուսումնասիրություններ:

«Քանի որ էս օրերին էսպես լիարժեք փարվել ենք ֆրանկոֆոնիային, ես հիշեցի Լյուդովիկոս թագավորներից մեկի շատ պատկերավոր գնահատականը, որ տվել էր եվրոպական լեզուներին: Ասում էր՝ ես նախընտրում եմ Աստծուն դիմել իսպաներենով, սիրուհուս՝ իտալերենով, ձիուս՝ գերմաներենով, իսկ ընկերոջս՝ ֆրանսերենով: Այսինքն դա համերաշխության, մտերմության լեզու է: Իսկ մեր օրերում տեղի ունեցած հեղափոխությունը հենց համերաշխության հեղափոխություն է: Կարծում եմ, դրանով է պայմանավորված, որ այս տարի հատկապես այսպես լիաբուռն մենք փարվեցինք ֆրանկոֆոնիային: Փառք Աստծու, մեր թանգարանի ֆոնդերը լեզում են ֆրանսիական մշակույթի մասին վկայող, այդ մշակույթի տարածվածությունը հայկական շրջանակներում վկայող նյութերով: Միայն Արշակ Չոպանյանի ֆոնդում հազարավոր բացառիկ նամակներ կան, քանի որ նա մարդ էր, որը կապի մեջ էր իր ժամանակի բոլոր ֆրանսախոս և ֆրանսիացի հեղինակությունների հետ: Ափսոս, որ տարածքը փոքր էր, մի փոքրիկ մասն ենք փաստաթղթերի բերել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ասաց, որ գրադարանը հյուրընկալել է գագաթաժողովի մասնակից ֆրանսիացի գրողներին, իսկ այս ցուցահանդեսում շատ ուշագրավ փաստաթղթեր և գրքեր է ներկայացրել․ - «Ազգային գրադարանը շքեղագույն հավաքածուներ ունի ֆրանսերեն գրականության, և մի մասը այստեղ ցուցադրված է: Գտնում եմ, որ էս ֆրանկոֆոնիայի իրականացումը շատ կարևոր էր, շատ լավ էր թե՛ քաղաքական առումով, թե՛ մշակութային առումով և թե՛ որպես կրթական ծրագիր»:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Ազատության» հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ արդեն Երևանում գտնվող տարբեր պատվիրակությունների անդամներ չեն կարողացել մասնակցել այս ցուցահանդեսին․ - «Ֆրանկոֆոնիան դա միայն հայ-ֆրանսիական հարաբերությունները չեն․ դա ամբողջ ֆրանկոֆոն աշխարհի հարաբերություններն են․․․ Հույս ունեի, որ մեր այս սալոնն էր էդպիսին կլինի, դելեգացիաներին մենք հայտնել էինք, բայց հավանաբար չեն հասցրել: Մեզ գրեցին՝ ցավում ենք, բայց չենք կարող մասնակցել: Հիմնականում դրա համար էր: Որ մի կողմում լինեին մեր հրատարակիչները, մյուս կողմում՝ ֆրանսախոս երկրների, շփվեին, կապվեին իրար հետ»:

Ցուցահանդեսի բացմանն այսօր ներկա էին բազմաթիվ գրողներ, հրատարակիչներ որոնց շնորհիվ վերջին 20 տարիներին ֆրանսիական գրականությունը թարգմանաբար ներկայացվել է հայ ընթերցողին:

Ի դեպ նշենք, որ 1991 թվականից ի վեր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից իրականացվում է «Օժանդակություն տպագրությանն ու հրատարակությանը» ծրագիրը, որի շնորհիվ մեր թարգմանիչներն ու հրատարակիչները հնարավորություն են ստացել հարյուրավոր ֆրանսիացի հեղինակների ներկայացնել հայ ընթերցողին:

Ցուցահանդեսի բացմանը շնորհանդեսի ներկայացվեց Լեյլա Սլիմանի «Մեղմիկ երգ» գրքի հայերեն թարգմանությունը, որը տպագրել է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը:

Գրող, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը օրերս է տպագրել է, իր պնդմամբ՝ Ֆրանսիայում ամենաընթերցված ժամանակակից վեպերից մեկը՝ Բեռնար Վերբերի «Մրջյունները»:

«Ազատության» հետ զրույցում Ջանիկյանն ասաց, որ իրենք՝ գրողներն ու թարգմանիչները, հրատարակիչները, իրենց գործն անում են, բայց կարևորը ընթերցող ունենալն է․ - «Ես թարգմանեցի Աիդա Ազնավուրի «Ափարիկս» գիրքը․ Շառլի ամբողջ էդ մանկությունը, թե ինչպես են գաղթել, եկել․․․ դարձել է աշխարհի մեծագույն երգիչը: Ցնցող գիրք է, որ տպվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով, ես ամաչում եմ ասել, թե Հայաստանում քանի օրինակ է վաճառվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG