Մատչելիության հղումներ

ՀՖՖ փոխնախագահ․ Ֆեդերացիան պատրաստ է եղել բավարարել բոլոր ֆինանսական պահանջները


Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը լավագույն տարբերակն էր։ «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Մելիքբեկյանի փոխանցմամբ, արտասահմանցի մարզիչների հետ ևս բանակցություններ անցկացրել են, բայց հետո եկել են այն եզրակացության, որ տեղացի մասնագետը այս պահին լավագույն թեկնածուն է։

Օտարերկացի մասնագետ չհրավիրելու պատճառը, Մելիքբեկյանի խոսքով, ֆինանսական խնդիրները չեն եղել․ - «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է եղել բավարարել բոլոր ֆինանսական պահանջները երեք հիմնական թեկնածուների, նաև Արմեն Գյուլբուդաղյանցի։ Նման խնդիրներ չեն եղել: Գուցե կարող է զարմանալի թվալ, թե ինչու գումար ափսոսացին, բայց դա բացարձակ այդպես չէ։ Դա մի փոքր էլ վիրավորական է Հայաստանի հավաքականի մարզչի նկատմամբ, որը այնպես չէ, որ աշխատում է, ասենք, 100 հազար դրամ աշխատավարձով։ Նա էլ աշխատավարձ է ստանում, և դա էլ է բանակցվում»։

Մելիքբեկյանի փոխանցմամբ՝ օտարերկրյա մարզիչները իրենք են ասել, որ տեղացի մարզիչներն ավելի լավ գիտեն հայկական ֆուտբոլը և գուցե ավելի պատրաստ են․ - «Նախ կարճ ժամանակահատված էր մինչև գալիք խաղը և ընդհանրապես՝ լավ չհասկանալ հայկական ֆուտբոլի համակարգը, որի համար որոշակի ժամանակ է պետք։ Իսկ քանի որ, մենք լուրջ պրոֆեսիոնալ մարզիչների հետ էինք բանակցում՝ նրանք հասկանում էին, որ այս իրավիճակում համակարգը հասկանալու, կառուցվածքը...և հասկացան, որ այդ առումով իրենք պատրաստ չեն»։

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց մինչև 21 տարեկանների հավաքականը մարզած Արմեն Գյուլբուդաղյանցին։

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ:

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հավաքականը խաղա։ Հավաքականը ցույց տա, որ ցանկանում է հաղթել, հավաքականը ցանկություն ցույց տա դաշտում, և երկրպագուները հասկանան, որ տղաները ցանկանում են խաղալ։ Մեր կարծիքով, Արմեն Գյուլբուդաղյանցը մի փոքր կոպիտ ասած՝ կքամի առավելագույնը, ինչ ստեղծված է այս իրավիճակում»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ ղեկավար կազմը, ըստ փոխնախագահի, չի խառնվելու մարզչական աշխատանքներին։ Մարզչին ոչ ոք չի կարող պարտադրել, թե ինչպես ձևավորել հավաքականի կազմը։

Ի դեպ, նորանշանակ մարզչի որոշմամբ, ազգային հավաքական է հրավիրվել Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ մասնակցելու Ջիբրալթարի ու Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խաղերին։

31-ամյա հարձակվողը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ - «Ես վերադառնում եմ։ 3 տարի իմ ազգային հավաքականում չխաղալուց հետո որոշեցի վերադառնալ և կրկին խաղալ։ Ես չէի մտածում, որ կվերադառնամ այն բանից հետո, ինչ պատահեց։ Բայց մենք ունենք նոր, ազատ Հայաստան, և չկա ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը։ Չեմ կարողանում համբերել, թե երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում և սկսելու մեր նոր ճանապարհորդությունը: Ակնկալում եմ լեփ-լեցուն ստադիոն տեսնել հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք խաղերում: Հաղթական ճանապարհին վերադառնալ միայն կարող ենք մեր երկրպագուների աջակցության շնորհիվ»։

Ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ անձամբ է արգելել Մովսիսյանին հավաքական հրավիրել:

Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր երկրպագուներին ևս կոչ արեց առաջիկա հանդիպումներին գալ և ոգևորել հայ մարզիկներին, հատկապես, որ տոմսերի գինը դարձել է 1000-7000 դրամ, նախկին՝ 4000-10000 դրամի փոխարեն։

Ֆեդերացիայի փոխնախագահը կարծում է, որ ստեղծված իրավիճակում ֆուտբոլի ֆեդերացիայում կատարված փոփոխությունները դրական ազդեցություն կունենան հավաքականի վրա։

Հայաստանի հավաքականն առանց մարզչի էր մնացել սեպտեմբերի 21-ին: Այդ օրն իր հրաժարականի մասին տեղեկացրեց ազգային ընտրանին մարզած Վարդան Մինասյանը։

XS
SM
MD
LG