Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյան․ Մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները


«Ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները», - հայ և ռուս մի խումբ կանանց հետ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայտարարեց Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Վարչապետի տիկինը կրում էր հալեցրած փամփուշտից պատրաստված զարդեր։

«Զարդերի վերածված այդ փամփուշտները կկրեն բոլոր այն կանայք, ովքեր կմիանան խաղաղության արշավին», - ասաց Աննա Հակոբյանը։ - «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը և կդառնա ընդամենը զարդ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան կյանք հնարավոր կլինի փրկել»:

Հակոբյանը ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու, հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքը խնայելու ուղերձ հղեց քաղաքական որոշում կայացնող բոլոր կողմերին։

Նախաձեռնության հեղինակը ևս մեկ անգամ կոչ արեց ադրբեջանցի մայրերին միանալ իրենց արշավին՝ դադարեցնելու արդեն 30 տարի ձգվող հակամարտությունը։

Տարակուսեց, որ անցած ամիսներին Ադրբեջանից որևէ արձագանք չեն ստացել․ - «Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում եմ քաղաքական տարբեր ենթատեքստեր, և ոչ միայն իրենք չեն միանում այս ուղերձին, այլև փորձում են մյուսների հետ պահել այդ քայլից»:

Աննա Հակոբյանի հետ սահմանագիծ էին եկել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի տիկնայք։ Դեռ ամռանը սկսված «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացել են բազմաթիվ կանայք տարբեր երկրներից։

Նախաձեռնությանը միացած Ռուսաստանի «Կանանց երկխոսություն» կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան պատմեց, որ 1989 թվականին, ղարաբաղյան շարժման սկզբում, իր զինվորական ամուսնու հետ ապրել է Լեռնային Ղարաբաղում։

Չկարողանալով զսպել արցունքները՝ հիշեց, որ ինքն էլ, շատերի նման հարկադրաբար է հեռացել Ղարաբաղից՝ մանկահասակ երեխաների հետ․ - «Երկու փոքրիկ երեխա ունեի։ Սրտիս տակ, օյ ծանր է խոսել, սրտիս տակ երրորդ երեխային էի կրում։ Շուրջս այնպիսի ատելություն կար, ես չգիտեի, այդ երեխան կյանք կունենա՞, որովհետև ես ենթարկվում էի ամեն տեսակ տանջանքների, բռնությունների: Ես չէի կարողանում լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը»։

Ռուսաստանցի քաղաքական գործիչը շեշտեց, որ առաջին հերթին որպես կին և մայր իր պարտքն է համարել միանալ խաղաղության արշավին՝ թեկուզ մեկ մարդու կյանք փրկելու հույսով։

Նա դիմեց տիկին Ալիևային. - «Չէ՞ որ նա ևս մայր է և հրաշալի տատիկ, բայց նա նաև քաղաքական գործիչ է, իմաստուն, պատասխանատու քաղաքական գործիչ։ Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ կարևոր չէ, թե այստեղ ով է ճիշտ, ով մեղավոր։ Բայց այսօր մենք պետք է փրկենք յուրաքանչյուր մարդկային կյանք»։

Ռուսաստանի պետդումայում մեծամասնություն կազմող «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սվետլանա Ժուրովան հակադարձեց բոլոր այն մեղադրանքներին, թե խաղաղության կոչերով «չեք ցանկանում պաշտպանել ձեր երկիրն ու երկրի պատիվը»։

«Ո՛չ, մենք ցանկանում ենք, բայց՝ ոչ այս գնով», - ասաց ռուսաստանցի պատգամավորը։

Հակամարտության շփման գիծ էր եկել նաև ռուս հայտնի գրող և հասարակական գործիչ Լյուդմիլա Ուլիցկայան։ Նրան նույնպես ցավ էր պատճառել ավերված բնակավայրերի միջով սահմանագիծ հասնելու ճանապարհը․ - «Մինչ ես անցնում էի այս ամբողջ ճանապարհը, գիտե՞ք, մեղքի զգացում կար՝ ինչպե՞ս ստացվեց, որ մենք սա թույլ տվեցինք, այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Ինչպե՞ս ստացվեց, որ մեր ծնված աղջիկները չեն ամուսնանա այն տղաների հետ, ովքեր այստեղ արդեն զոհվել են։ Եվ սա համընդհանուր հանցագործություն է։ Ավելի շատ գուցե քաղաքական գործիչների հանցանքը: Բայց այն ագրեսիան, որ կուտակվել է մեր սրտերում, դրա դեմ պետք է պայքարի մեզնից յուրաքանչյուրը»։

Հայ և ռուս կանայք իրենց կողքին կանգնած զինվորներին մաղթեցին, որ նրանց զավակները էլ երբեք կհանգնեն զինվորական «պաշտպանիչ, բայց նույնքան սարսափելի հագուստը»։

Ռուսաստանցի գործիչները նշեցին, որ նույն ուղերձով պատրաստ են նաև Ադրբեջանի կողմից մոտենալ սահմանին։ Շեշտեցին, որ այս այցը չի նշանակում աջակցություն հակամարտության որևէ կողմին։

Նշենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ կանխելու ռուս գործիչների այցը Լեռնային Ղարաբաղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG