Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի («Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը») 4-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 1-ին մասով և 360-րդ հոդվածի («Զինծառայողին վիրավորանք հասցնելը») 2-րդ մասով, ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
21-ամյա զինծառայող Գևորգ Հարոյանը մահացել է հոկտեմբերի 1-ին, քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: