Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար․ ԱՄՆ-ը վտանգավոր ճանապարհով է գնում՝ մեղադրելով ГРУ-ին


ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Բարձրաստիճան ռուս դիվանագետը նախազգուշացնում է, որ Միացյալ Նահանգները «վտանգավոր ճանապարհով» է գնում՝ մեղադրելով ռուսական ռազմական հետախուզությանը արևմտյան հաստատությունների դեմ գլոբալ հաքերային արշավ իրականացնելու մեջ, և «միտումնավոր լարվածություն է առաջացնում միջուկային զենք ունեցող գերտերությունների միջև հարաբերություններում»։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երեկ իր հայտարարության մեջ կոչ է արել ԱՄՆ դաշնակիցներին՝ Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, Կանադային և Նիդերլանդներին, որոնք միացել են Վաշինգտոնին` մեղադրանքներ ներկայացնելով, վերանայել իրենց դիրքորոշումը, ասելով, որ մեղադրանքները պատրվակ են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար:

Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի ռազմական հետախուզության 7 սպաների՝ պնդելով, թե վերջիններս կիբերհարձակումներ են ծրագրել Հակադոպինգային միջազգային գործակալության և Քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության դեմ:

ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից այս մեղադրանքներն առաջադրելուց ընդամենը մի քանի ժամ առաջ Նիդերլանդներն էր հայտարարել, որ ապրիլին ռուսական ռազմական հետախուզական վարչության՝ ГРУ-ի չորս աշխատակցի է արտաքսել՝ երկրում գործող միջազգային կառույցների դեմ կիբերհարձակումներ ծրագրելու համար:

Երեկ նաև Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի վարչապետերը համատեղ հայտարարություն են տարածել և պնդել, թե Ռուսաստանն արհամարհում է «համամարդկային արժեքները և խախտում այն պայմանավորվածությունները, որոնք երաշխավորում են համաշխարհային անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG