Մատչելիության հղումներ

Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Շառլ Ազնավուրին


Շառլ Ազնավուրը համերգի ժամանակ, արխիվ
Շառլ Ազնավուրը համերգի ժամանակ, արխիվ

Այսօր առավոտյան Փարիզում՝ Լեզ Էնվալիդ համալիրի բակում, սկսվել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը:

Ֆրանսիական հեռուստատեսության հինգ կայաններ հեռարձակում են արարողությունը: Փարիզից ուղիղ հեռարձակում են ապահովում նաև «Ազատության» թղթակիցները:

Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներից բացի, արարողությանը ներկա կլինեն Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի նախագահները, Պետական խորհրդի և Սահմանադրական խորհրդի, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները:

«Ազատության» տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով ներկա կլինի տիկնոջ հետ միասին, ելույթով հանդես կգա, որում կներկայացնի հատկապես երգչի սերը հանդեպ բառերը, այն ծառայությունը, որ մատուցել է Ազնավուրը ֆրանսերեն լեզվին ու ֆրանսիական մշակույթին՝ հանդիսանալով դրանց դեսպանը աշխարհի երկրներում:

Հանրությունը նույնպես հրավիրված է սիրված երգչի մեծարմանը, որը տեղի կունենա հանդիսավոր արարողակարգով: Ազնավուրի դագաղը ծածկված կլինի Ֆրանսիայի պետական դրոշով, ինչպես արվում է ընդհանրապես ֆրանսիացի մեծ գործիչների համար:

Ֆրանսիայի նախկին երկու նախագահները ևս՝ Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին, ներկա կլինեն արարողությանը:

Սարկոզին, ով օրեր առաջ Թվիթերում գրել էր, որ ցնցված է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, գրել է նաև մի շատ գեղեցիկ ուղերձ ի հարգանս Ազնավուրի․ - «Մեծն Շառլը հեռացավ, նա մեզ թողնում է իր բառերը, իր մեղեդիները»: Ապա նա հիշեցրել է, որ հնարավորություն է ունեցել ներկա լինել Ազնավուրի տան բացմանը Երևանում: «Հավատարիմ Շառլ Ազնավուրը հավատարիմ էր նաև իր արմատներին և Հայաստանին, որ նա այնքան սիրում էր և այնքան մեծ ոգևորությամբ պաշտպանում», - գրել է Նիկոլա Սարկոզին:

Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին Փարիզում մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:

Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում և Արցախում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG