Առաջիկա օրերին Փաշինյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել, ինչն էլ, նրա խոսքով, հնարավորություն կտա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ էր հայտարարել, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց Հանրապետականի օրակարգում չկա: Արձագանքելով դիտարկմանը՝ Փաշինյանը ասել էր՝ չկա, ուրեմն չի մասնակցի:
«Մեր օրակարգում, երբ որ ասում եմ չկա, նշանակում ա մենք չենք նախաձեռնի Ազգային ժողովի ինքնալուծարումը: Սա մեկ: Երկրորդը, վարչապետի իրավունք է․ երբ որ վարչապետը նախաձեռնում է հրաժարական, ուզի Շարմազանովը թե չուզի, եթե նոր վարչապետ չի ընտրվում, պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Դա Սահմանադրության նորմ է՝ վարչապետը եթե հրաժարական է տալիս, և երկու անգամ վարչապետ չի ընտրվում, նշանակվում են արտահերթ ընտրություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շարմազանովը:
Հարցին՝ ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին, նա արձագանքեց․ - «Երբ որ կտեսնենք, որ արդեն ընտրությունները գնում են, երբ որ ընտրության օրը նշանակված կլինի, երբ որ կունենանք վարչապետի հրաժարականը, Հանրապետականում կիրականացնենք քննարկումներ և որոշումը հրապարակային կներկայացնենք»:
ՀՀԿ-ական Շարմազանովը ասում է՝ ինչու անցկացնել հենց դեկտեմբերին, եթե կարելի է առանց շտապելու, մի քանի ամսվա մեջ փոփոխել օրենդրություն, ընդունել Ընտրական օրենսգրքի բարեփոխումները:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով, ժամկետներից բացի, մնացած բոլոր հարցերի շուրջ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և այլն, պատրաստ են բանակցել:
Հակոբյանն ասաց՝ ընտրությունները նոյեմբեր-դեկտեմբերին անցկացնելու մտադրությանը նպաստեց նաև ԱԺ-ի կանոնակարգում Հանրապետական, Դաշնակցություն և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների ջանքերով ընդունված վերջին վիճահարույց փոփոխությունները:
Նախագիծը պաշտպանող պատգամավորներին և քաղաքական ուժերին Փաշինյանը հակահեղափոխականներ էր անվանել:
Հրաչյա Հակոբյանը կարծում է, որ եթե Հանրապետականը խոհեմ գտնվի, չի մասնակցի արտահերթ ընտրություններին․ - «Իմ խորին համոզմամբ, նրանք պետք է գտնվեն այնքան խոհեմ, այնքան քաղաքականապես հասուն, որ հասկանան, որ այս մի ընտրությունները պետք է բաց թողնեն և պատրաստվեն հաջորդ ընտրություններին: Առնվազն խայտառակ կլինեն, եթե մասնակցեն այս ընտրություններին․․․ Օրինագիծը բերվել էր խորհրդարան, և այդ օրինագիծը հայ ժողովրդի դեմ էր արված, այնպես որ միանշանակ նրանց վարկանիշի վրա էլ ազդեց, «Ծառուկյան» խմբակցության վարկանիշի վրա էլ ազդեց և Դաշնակցության վարկանիշն էլ ի չիք եղավ»:
«Վարկանիշը էսօր կա, վաղը կարող ա փոխվել», - հակադարձում է Շարմազանովը: - «Ես երբեք վարկանիշով չեմ առաջնորդվել, չնայած վարկանիշը երկրորդական չի: Չենք հաղթահարի՝ չենք հաղթահարի․․․ ուրեմն տենց ա վերաբերվում: Ընտրությունն ի՞նչ է: Ընտրությունը ժողովրդի վերաբերմունքն ա քո քաղաքականությանը: Չե՞նք հաղթահարի՝ ուրեմն կսկսենք մտածել ինչը այնպես չենք արել»:
Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, առաջ է գալիս վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարց․ խորհրդարանը կարձակվի, կնշանակվեն արտահերթ ընտրություններ, եթե երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ վարչապետ չի ընտրվում:
Այս առնչությամբ ՀՀԿ-ի խոսնակն ասաց․ - «Չեմ կարծում, որ առանց կուսակցությունում լուրջ քննարկումների, ես էսօր պետք է կարծիքներ արտահայտեմ: Հանրապետականը, կարծում եմ, պետք է վարվի այնպես, ինչպես կպահանջի Հայաստանի Հանրապետության պետական շահը»:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Հրաչյա Հակոբյանն ասում է, թե իրենք երաշխիք չունեն, որ վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետականը թեկնածու չի առաջադրի․ - «Մի տեսակ երաշխիքներ և Հանրապետական կուսակցություն բառերը երբ որ իրար կողք ես դնում, մի քիչ պրոբլեմ ա տեղ առաջանում: Էնպես որ, երաշխիքներ իհարկե չունենք: Մեր ժողովրդի վրա ա մեր երաշխիքը, մեր հույսը մեր ժողովուրդն ա»: