Մատչելիության հղումներ

Պուտինի վարկանիշը Ռուսաստանում կտրուկ անկում է արձանագրել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, հոկտեմբեր, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, հոկտեմբեր, 2018թ․

Ռուսաստանի նախագահի ավանդաբար բարձր վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել՝ 17 կետով անցած տարվա համեմատ։ Ինչպես վկայում են «Լևադա» կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցումները, այսօր Վլադիմիր Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 58 տոկոսը: Այդքան ցածր նրա վարկանիշը եղել է Ղրիմի բռնակցումից առաջ՝ 2013 թվականին:

Անցած տարվա համեմատ շուրջ երեք անգամ ավելացել է Պուտինին ընդհանրապես չվստահողների թիվը: Անցած տարի հարցվածներից միայն 4 տոկոսն էր պատասխանել, թե Պուտինին ընդհանրապես չի վստահում, այսօր արդեն՝ 13 տոկոսը։ Իսկ պարզապես չեն վստահում Պուտինին հարցված ռուսաստանցիների 33 տոկոսը՝ անցած տարի նրան չէին վստահում ընդամենը 17 տոկոսը։

Այսօր ռուսաստանցիների շուրջ 41 տոկոսը համարում է, որ Պուտինի ղեկավարությամբ երկիրը սխալ ճանապարհով է գնում։ Վերջին տարիներին առաջին անգամ է, երբ ռուսաստանցիները ավելի շատ վստահում են բանակին, քան երկրի նախագահին՝ բանակին վստահում է ռուսաստանցիների 66 տոկոսը։

Ամենից քիչ ռուսաստանցիները վստահում են կառավարությանը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Թեև վերջին տարիներին Պուտինի մշտական ժառանգորդին ավանդաբար չեն վստահում ռուսաստանցիների 50 տոկոսից ավելի, այս տարի Մեդվեդևին չվստահողների տոկոսը նույնպես կտրուկ աճել է․ օգոստոսին նրան չէր վստահում հարցվածների 71, իսկ սեպտեմբերին՝ 67 տոկոսը։

Փորձագետներն ընդգծում են, որ Պուտինի և Ռուսաստանի կառավարության վարկանիշը կտրուկ նվազել է կենսաթոշակային բարեփոխումների ֆոնին։ Բարեփոխումները նախաձեռնել էր կառավարությունը, նախագահը փոքր-ինչ մեղմել է բողոքի ալիք բարձրացրած այս ռեֆորմը, սակայն, միևնույն է, բարեփոխումների արդյունքում ռուսաստանցի տղամարդիկ թոշակի են անցնելու ոչ թե 60, այլ՝ 65 տարեկանից, իսկ կանայք՝ նախկին 55-ի փոխարեն՝ 60 տարեկանից:

Կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են անցել մի քանի ամիս շարունակ Ռուսաստանի տարբեր մարզերում, եղել են նույնիսկ բախումներ ոստիկանության հետ։ Իսկ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը այդ ռեֆորմի հետևանքով զիջել է իր դիրքերը մարզերում վերջերս անցկացված ընտրություններին: Չորս մարզերում նահանգապետեր են ընտրվել ոչ թե «Եդինայա Ռոսիա», այլ՝ Կոմունիստական կամ Ժիրինովսկու գլխավորած Լիբերալ դեմոկրատական կուսակցության թեկնածուները։

2017-ին Պուտինը Ռուսաստանի նախագահ է ընտրվել չորրորդ և Սահմանադրության համաձայն՝ վերջին անգամ: Փաստացի նա ղեկավարում է երկիրը 2000 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG