Ռուսաստանում տասնյակ քաղաքներում զանգվածային ցույցեր են՝ կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու կառավարության ծրագրերի դեմ:
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ակցիաները նախաձեռնել էր անցած ամիս՝ կոչ անելով ռուսաստանցիներին փողոց դուրս գալ հենց այսօր, երբ երկրում նահանգապետերի ու քաղաքապետերի ընտրություններ են անցկացվում:
Հայտարարությունից հետո իշխանությունները 30 օրով կալանավորել էին Նավալնուն՝ զանգվածային զույցերի մասին օրենքը խախտելու համար, այսօր էլ ձերբակալել են նրա տասնյակ աջակիցների՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում:
Նովոսիբիրսկում ցուցարարների երթն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, Սանկտ Պետերբուրգում իրավապահները գործի են դրել հատուկ միջոցներ:
Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է կենսաթոշակի անցնելու շեմը տղամարդկանց համար բարձրացնել մինչև 65 տարեկանը՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանանց համար՝ մինչև 60ը՝ ներկայիս 55-ի փոխարեն:
Սոցիոլոգիական վերջին հարցումներով, ռուսաստանցիների հիսուն տոկոսից ավելի պատրաստ է փողոց դուրս գալ այս առաջարկների դեմ: