Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն առաջարկել է վարչապետի թեկնածու չառաջադրել՝ ընտրությունները մայիսի՛ն անցկացնելու դեպքում․ Աշոտյան


Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյան, արխիվ
Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյան, արխիվ

Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվել չէր կարող, քանի որ տեղի ունեցածը բանակցություններ չէին: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա պարզաբանեց, որ Փաշինյանի խոսքով՝ վերջինս ընդամենը եկել էր իրազակելու իր որոշման մասին, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, և արդեն իսկ վարչապետը ծրագրած ուներ իր բոլոր քայլերը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին: Իսկ երեկ խորհրդարանի ընդունած՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, ըստ հանրապետական պատգամավորի, ընդամենը պատրվակ էր Փաշինյանի համար՝ իր քաղաքական նպատակների իրագործումը ավելի արագացնելու:

Հանդիպման ժամանակ հանրապետականները վարչապետին առաջարկել են արտահերթ ընտրություններն անցկացնել եկող տարվա մայիսին, որի դեպքում, ըստ Արմեն Աշոտյանի, պատրաստակամություն են հայտնել վարչապետի թեկնածու չառաջադրել: Սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ առաջարկը և հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ամեն ինչի շուրջ՝ բացի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակից, իր այդ պահանջը անփոփոխ է:

Այսօր կեսօրից հետո Հանրապետականը հանդես է գալու հայտարարությամբ՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած հանդիպմանը իրենց արած առաջարկին:

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ ընդունեց վիճահարույց փոփոխությունները Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որոնց կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Փաշինյանի կոչով մարդկանց մեծ բազմություն հավաքվեց Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ, ապա վարչապետը խորհրդարանում հանդիպեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանրահավաքում ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն պաշտոններից, ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագրերը:

Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո էլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG