Մատչելիության հղումներ

Մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն. Բալայան


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Նյու Յորքում, 26-ը սեպտեմբերի, 2018թ․

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ամենայն հավանականությամբ, մինչև տարվա վերջ ևս մեկ հանդիպում կունենան: Այսօր՝ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսին այդ մասին ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Խոսնակը հակիրճ էր, մանրամասներ չհայտնեց․ - «Մինչև տարվա վերջ ամենայն հավանականությամբ տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում: Այսքանը»:

Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով նախորդ հանդիպումը այս տարվա սեպտեմբերի 27-ին էր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Հանդիպման սկզբնական մասում ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող համանախագահները՝ Էնդրյու Շոֆերը, Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, տեղի էր ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Հայաստանում թավշյա հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել էին հուլիսին՝ Բրյուսելում։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, ապա այս ընթացքում նրանց միջև լիարժեք բանակցություններ չեն կայացել: Հունիսին՝ Մոսկվա կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ֆուտբոլային խաղից հետո՝ ԱՊՀ երկրների ղեկավարների համար կազմակերպած ընդունելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է իրեն ու Ադրբեջանի նախագահին:

Անցած շաբաթ Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց ունեցան: Ըստ Հայաստանի վարչապետի, պայմանավորվել են, որպեսզի քայլեր ձեռնարկեն սահմանային լարվածությունը մեղմելու և հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ, արձանագրել են, որ Ղարաբաղի հարցը բանակցությամբ պետք է կարգավորվի, և պայմանավորվել են կողմերի միջև օպերատիվ կապ ստեղծել։ Ըստ էության, նույն տեղեկությունը հայտնեց նաև Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը խոսեց նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից շարունակաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների մասին:

«Ադրբեջանը ընդհանրապես փակուղային վիճակում հայտնվեց այդ քաղաքականության մասով ապրիլյան պատերազմից հետո, երբ այդ պատերազմը, ըստ էության, սկսեց աշխատել Ադրբեջանի դեմ՝ թե՛ ռազմական իմաստով՝ հայկական զինուժի հակագրոհներ, որը կանգնեցվեց հրադադարով, և թե՛ քաղաքական-դիվանագիտական իմաստով: Հայաստանում տեղի ունեցած ներքին վերափոխումները այդ փակուղին է՛լ ավելի են խորացնում», - ասաց Բադալյանը՝ շարունակելով․ - «Եվ պատահական չէր, որ Ալիևն էլ չէր կարողանում կողմնորոշվել՝ ի վերջո, ինչպիսի՞ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանի նոր իրավիճակի հանդեպ: Ի վերջո, կարծում եմ, նա կողմնորոշվեց միջազգային դերակատարների և աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների դիրքորոշումների ֆոնին, երբ տեսավ, որ նրանք փաստացի ճանաչում են Հայաստանի նոր իրավիճակը և նոր իշխանությունը: Այդ միջավայրում, այդ իրավիճակում Ալիևին այլ բան չէր մնում, որովհետև շարունակել այդ փակուղին, էլ՛ ավելի խորացնել՝ դա կարող էր բերել է՛լ ավելի ծանր հետևանքների»:

Վերլուծաբանը հիշեցրեց՝ Դուշանբեում Փաշինյանի ու Ալիևի միջև կայացած հանդիպման նախորդ օրը Բաքվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Պարզ է դառնում, որ պատերազմական, ռազմական որևէ իրավիճակի, լայնածավալ գործողության տրամաբանությունը ներկայումս չի քննարկվում, ներկայումս մերժվում է բոլոր հիմնական խաղացողների շրջանում, և այդ տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում գտնել քաղաքական նոր ձևաչափեր, նոր պրոցեսներ: Այդ առումով, Դուշանբեի հանդիպումը և Ալիևի պատրաստակամությունը՝ չնայած անբարենպաստ քաղաքական մթնոլորտին, իր համար անբարենպաստ, շփվել Նիկոլ Փաշինյանի հետ, սա վկայում է, որ Ադրբեջանն էլ հասկանում է՝ գնալ այս ընդհանուր տենդենցին դեմ շատ ավելի վտանգավոր է», - շեշտեց Հակոբ Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG