«Հույս ունեմ, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր», - երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայկակ Արշամյանի նշանակմամբ հիմնադրամը նոր կյանք և նոր թափ կստանա:
«Տեղյակ եմ, որ այս ընթացքում հիմնադրամի առջև բավականին խնդիրներ են գոյացել և դրանց հրատապ լուծման անհրաժեշտություն կա: Հարկավոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես պետք է դրանք լուծվեն», - ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Հույս ունեմ, որ հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր»։
Պետրոս Թերզյանն իր պատրաստակամություն է հայտնել՝ «անելու այն, ինչ պետք է»:
«Վստահ եմ, որ պարոն Արշամյանը ճիշտ անձ է համապատասխան տեղում և պայմաններում: Վստահ եմ, որ այս հոյակապ կառույցը, որ այդքան մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքի մեջ, իր առջև ունի մեծ ապագա՝ շնորհիվ Ձեր աջակցության: Կարծում եմ՝ Նոր Հայաստանի պայմաններում պետք է հաղթահարենք դժվարությունները, որոնք վստահ եմ, ժամանակավոր են, և անցնենք նոր հանգրվանի, նոր ծրագրերի իրականացման մեր Հայաստանի ու Արցախի համար», - ասել է Թերզյանը:
Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հանձնաժողովին՝ իր թեկնածությունը պաշտպանելու համար:
«Կարծում եմ՝ հիմնադրամը պետք է վերածել 21-րդ դարի կառույցի, որովհետև այն խնդիրները, որոնք դրված են եղել հիմնադրամի առջև, արդեն մնացել են նախորդ դարում: Այժմ մենք պետք է աշխատենք նաև օգտագործել ոչ միայն թելեթոնները, մարդկանց զանգելով հանգանակություն անելու մեխանիզմները, այլ նաև առցանց հարթակներում փորձենք որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել, թեկուզ փոքր գումարներ հանգանակել, խոսքը նույնիսկ գնում է 500, 1000 դրամի մասին: Պետք է փորձենք այդպես ողջ հայությանը ներգրավել Հայաստանի զարգացման գործում: Հիմնադրամի գործունեության թիրախներից մեկը պետք է լինի ապահովել Սփյուռքի և ընդհանրապես համայն հայության մասնակցությունը հայաստանյան գործընթացներում: Իմ առջև խնդիր եմ դրել բարձրացնել հիմնադրամի նկատմամբ եղած վստահությունը, որը պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, ինչը կապված է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Մենք Նոր Հայաստանում պետք է ունենանք նոր և իրական համահայկական հիմնադրամ», - հավելել է Հայկակ Արշամյանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր:
Հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանն, ով հիմնադրամը ղեկավարել է շուրջ 10 տարի, ձերբակալվել էր հուլիսի 3-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, և գրավի դիմաց ազատ է արձակվել հուլիսի 5-ին:
ԱԱԾ-ն հաղորդել էր, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է՝ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:
Ըստ ԱԱԾ-ի՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ:
Արա Վարդնյանը հուլիսի 9-ին պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս էլ, որպես հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն էր ընդունել Վարդանյանի հրաժարականի դիմումը և այն ուղարկել հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար։