Մատչելիության հղումներ

Նախագահը ՀՀՀ Հոգաբարձուների խորհրդին առաջարկել է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականը


Արա Վարդանյան, արխիվ
Արա Վարդանյան, արխիվ

Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս նախագահին ներկայացրել էր նախորդ օրը: Այդ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Միևնույն ժամանակ, հանրապետության նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետև հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:

«Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաև Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը ենթակա է Հոգաբարձուների խորհրդի անդամների հաստատմանը:

Արա Վարդանյանը ձերբակալվել է հուլիսի 3-ին՝ յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, և գրավի դիմաց ազատ է արձակվել հուլիսի 5-ին:

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է՝ տնօրինելով Հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել Հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է Հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով Հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Ըստ ԱԱԾ-ի, միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը Հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներին այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG