Մատչելիության հղումներ

«Սա համամարդկային կորուստ է». Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ցավակցել է Հայաստանին, հայ ժողովրդին, Ֆրանսիային, Շառլ Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին» ֆրանսահայ աշխարհահռչակ երգչի մահվան կապակցությամբ։

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ վարչապետն ասել է՝ «սա իսկապես սգալի օր է մեր պատմության համար»։

«Ահավոր բոթ լսեցինք այսօր՝ կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը։ Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ «ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ, 100 տոկոսով հայ»։ Մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է և ջերմացնում է, ջերմացրել է միլիոնավոր մարդկանց՝ տասնյակ միլիոնավոր, հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ։ Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի պատմության և մեր երկրի պատմության համար, մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը»։

Վարչապետն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարել։

«Շառլ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև վերազգային համամարդկային արժեքներ, և այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը՝ կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն և կբարձրացնեն մարդկությունը, կջերմացնեն նրանց հոգիները», - ասաց վարչապետ։

Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ 94 տարեկանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG