Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ում չեն հերքում մամուլում հրապարակված՝ ՀՀ դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց ցանկի իսկությունը


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Աղմկահարույց ցանկում են հանրապետության երկրորդ ու երրորդ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ոչ միայն զավակների, հարսների, թոռների, այլև անգամ՝ խնամիների անուն-ազգանունները:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը չի հերքում, որ լրատվամիջոցներում հրապարակված՝ Հայաստանի դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց ցանկը համապատասխանում է իրականությանը:

Աղմկահարույց ցանկում են հանրապետության երկրորդ ու երրորդ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ոչ միայն զավակների, հարսների, թոռների, այլև անգամ՝ խնամիների անուն-ազգանունները:

«Ազատության» հարցին՝ հաստատո՞ւմ կամ հերքու՞մ է ցանկի իսկությունը, Տիգրան Բալայանը միայն պատասխանեց․ - «Ցանկի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ տալիս»:

Երկու օր առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց՝ չեղարկվել են 254 հոգու դիվանագիտական անձնագրեր, իսկ 100-ից ավելի դիվանագիտական անձնագրեր վերադարձվել են այն անձանց կողմից, ովքեր այլևս իրավունք չունեն կրել դիվանագիտական անձնագրերը:

Մամուլում հրապարակված ցանկում ընդգրկված են Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նրա տիկնոջ Զարուհի Քոչարյանի, կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի և նրա տիկնոջ երգչուհի Սիրուշոյի՝ Սիրանույշ Քոչարյանի, երկրորրդ նախագահի անգամ թոռների՝ Էմմա, Բելլա, Անի, Դավիթ, Միքայել Քոչարյանների անուն-ազգանունները: Ցանկում են Ռոբերտ Քոչարյանի խնամիների՝ երգչուհի Սիրուշոյի ծնողների՝ դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի անուն-ազգանունները: Ցանկում է նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի անուն-ազգանունը:

Նույն պատկերն է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում: Ցանկում են նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի, փեսայի՝ Հայկ Խաչատրյանի, թոռների՝ Ռիտա, Սերժ, Տիգրան Խաչատրյանների անուն-ազգանունները: Առկա են նաև Հանրապետական կուսակցության առաջնորդի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի անուն-ազգանունները:

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է մարդու առևանգման և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, և նրա նկատմամբ Հայաստանի ոստիկանությունը միջազգային հետախուզում է հայտարարել:

Ցանկում են Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ու նրա տիկնոջ Ռուզաննա Բեգլարյանի անուն-ազգանունները:

Պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների ղեկավարներ Վիկտոր Սողոմոնյանն ու Նաիրի Պետրոսյանը այսօր չպատասխանեցին «Ազատության» հեռախոսազանգերին:

Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա ընտանքի անդամները մոտ քսան տարի է չունեն դիվանագիտական անձնագրեր․ - «Ո՛չ նախագահ Տեր-Պետրոսյանը, ո՛չ նրա ընտանիքի անդամները չունեն դիվանագիտական անձնագիր: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը դիվանագիտական անձնագրեր են ունեցել Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում, 1998 թվականի հրաժարականից երկու ամիս անց արտգործնախարար Վարդան Օսկանյանը նամակով պահանջել է դրանք վերադարձնել հետ, ինչը և նախագահ Տեր-Պետրոսյանը և տիկին Լյուդմիլան արել են: Եվ դրանից հետո և՛ նախագահը, և՛ նրա կինը, և՛ ընտանիքի անդամները չունեն դիվանագիտական անձնագիր»:

Ի դեպ, ըստ հրապարակված ցանկի, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը պաշտոնը թողնելուց տասը տարի անց էլ շարունակում էր պահել դիվանագիտական անձնագիրը:

Վերադառնանք ողջ՝ 254-հոգանոց ցանկին, այնտեղ կարելի է գտնել նախկին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց կանանց անուն-ազգանուններ:

Օրինակ, տեսնում ենք Պաշտպանության նախկին նախարար և 2017-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի համամասնական ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանի, նրա տիկնոջ՝ Լուսինե Գալաջյանի անուն-ազգանունները:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն, դիվանագիտական անձնագրեր կարող են կրել դիվանագետները: Այն կարող է տրվել նաև Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին, Հանրապետության պաշտոնաթող նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սահմանադրական դատարանի դատավորներին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, պետական այլ կառույցների ղեկավարներին, որոնք նշված են այդ օրենքում: Դիվանագիտական անձնագրեր կարող են տրվել նաև առանձին անձանց՝ վարչապետի թույլտվությամբ:

Ըստ նույն օրենքի, դիվանագիտական անձնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագիրը հանձնում են արտգործնախարարություն, իսկ չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը արտգործնախարարությունը հայտարարում է անվավեր:

Օրենքը, փաստորեն, արգելում է պաշտոնաթող անձանց և նրանց ընտանիքների անդամներին, ներառյալ՝ նախկին նախագահների ընտանիքների անդամներին ունենալ դիվանագիտական անձնագիր:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, դիվանագիտական անձնագրերի հետ կապված իրավիճակը ևս մեկ վկայություն է, որ Հայաստանում իշխել է քրեական-օլիգարխիկ, մաֆիոզ կառավարման համակարգ․ - «Փաստացի եղել է պալատական կառավարում, և պալատում ընդգրկված են եղել փաստաթղթով անձինք, որոնք ունեցել են կարգավիճակ, նաև համապատասխան իրավական կարգավիճակ չունեցողները, որոնք նույնպես հանդիսացել են պալատի անդամներ, բայց որոնք կարևոր նշանակություն են ունեցել արքայի իշխանության ապահովման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG