Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը:
Ըստ հաղորդագրության, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 264 միլիոն 134 հազար 234 դրամի վնաս, որից վերականգնվել է 62 միլիոն 326 հազար 191 դրամը: Համեմատության համար, դատախազությունը նշում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատճառված վնասի չափը եղել է 82 միլիոն 287 հազար 428 դրամ, որից վերականգնվել է 29 միլիոն 622 հազար 074 դրամը։
2018թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 66 նյութ, հարուցվել է 28 քրեական գործ։
Դատախազությունը տեղեկացնում է, որ նշված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 176 միլիոն 945 հազար 486 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 միլիոն 915 հազար 618 դրամի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 3 միլիոն 853 հազար 807 դրամը, իսկ մնացած 173 միլիոն 091 հազար 679 դրամ վնասի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։
Ըստ հաղորդագրության, հարուցված 28 քրեական գործերից 1 քրեական գործի վարույթը կարճվել է, 1-ը՝ կասեցվել։ Մյուս 26 քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մեկը՝ զորամասի կենտրոնի պետ և մեկը՝ զորամասի իրային պահեստի պետ։
Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 3 հայցադիմում, որոնցով հայցապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8 միլիոն 777 հազար 100 դրամ։
2018թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտված ուսումնասիրություններից բացի, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև ինժեներական, կապի և այլ ծառայությունների գծով, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից ընդհանուր առմամբ իրականացվել է դատավարական ղեկավարում 155 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության նկատմամբ, որոնցից 71 քրեական գործ հարուցվել է 2018 թվականի առաջին կիսամյակում: 2017թ․ առաջին կիսամյակի ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը եղել են 56-ը, կամ 27 տոկոսով քիչ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հատկանշական է, որ եթե 2017թ. առաջին կիսամյակում քննված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 54 անձի, ապա այս տարվա նույն ընթացքում՝ 96 անձի (78 տոկոսով ավելի)։
Նախաքննությունն ավարտված 20 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:
«2018թ. առաջին կիսամյակի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառվել է 409 միլիոն 916 հազար 124 դրամի նյութական վնաս (այդ թվում 409,189,144 դրամ՝ պետությանը), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 406 միլիոն 315 հազար 516 դրամը (այդ թվում 405,589,336 դրամ՝ պետությանը)», - ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ 2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈւ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 69 միլիոն 564 հազար 009 դրամ, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 29 միլիոն 415 հազար 679 դրամը, կամ 13 անգամ ավելի քիչ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքից: