Թուրքիան տխուր է. 2024 թվականին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը իր հարկի տակ չի անցկացվի։
Նախօրեին ՈւԵՖԱ-ն որոշել է մրցաշարն անցկացնելու իրավունքը տալ Գերմանիային, որն իր հայտում ընդգծել էր առաջնությունը Եվրոպայի կենտրոնում անցկացնելու հարմարավետությունը, խոշոր մրցաշարեր կազմակերպելու մեծ փորձը, ինչպես նաև ֆուտբոլային հարուստ ավանդույթները:
Նշվում էր նաև, որ անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ 10 մարզադաշտ, հյուրանոցներ, տրանսպորտային ցանց, արդեն պատրաստ են մրցաշարի անցկացման, երկրպագուների սպասարկման համար:
Թուրքիան մինչդեռ շեշտը դրել էր այն հանգամանքի վրա, որ ՈւԵՖԱ-ն կարիք ունի նոր փորձառության՝ երկիրը Եվրոպայի և Ասիայի սահմանին է, երբեք նման ծավալի մրցաշար չի ընդունել, սակայն այժմ լիովին պատրաստ է դրան:
Մրցաշարը հյուրընկալելու համար պայքարող Թուրքիայի սպորտի նախարար Մեհմեթ Քասափօղլուի խոսքով՝ իրենց հայտը մերժելու որոշումը նախևառաջ ցավալի է ՈւԵՖԱ-ի համար։
«Այն փաստը, որ Թուրքիան չի ստացել մրցաշարն անցկացնելու իրավունքը չնայած իր ուժեղ կողմերին, նախևառաջ ցավալի է ՈւԵՖԱ-ի համար: Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները նման միջոցառումներ անցկացնելու բարձր չափանիշներին համապատասխան», - հայտարարել է թուրք նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Թուրքիան ոչինչ չի կորցրել, ավելին՝ հաշվի առնելով Թուրքիայի հյուրասիրությունը, պարտվել են Եվրո-2024-ի կազմակերպիչները։
Մինչդեռ ՈւԵՖԱ-ն ենթակառուցվածքներից ու թուրքական հյուրասիրությունից բացի նաև այլ պահանջներ ունի. Եվրոպական ֆուտբոլային կառույցի պաշտոնյաների աչքից չի վրիպել Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող ոչ միանշանակ իրավիճակը, ինչպես նաև անվտանգության հետ կապված խնդիրները։
ՈւԵՖԱ-ի այս որոշումը, ինչպես նկատում է մամուլը, նախագահ Ռեջեփ Էրդողանի համար հիասթափության հերթական առիթը կդառնա, քանի որ Թուրքիայի ֆուտբոլասեր առաջնորդը վաղուց է ձգտում ընդունել մարզական այդ խոշոր միջոցառումը։
Ավելի վաղ Թուրքիան պարտվել էր նաև 2020 թվականի Օլիմպիական խաղերը Ստամբուլում ընդունելու մրցույթում։ Ստամբուլից առաջ անցավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Բացի այդ, Թուրքիային բաժին չհասավ նաև Եվրո-2016-ը, որն անցկացվեց Ֆրանսիայում:
Հերթական մրցույթում Թուրքիայի պարտությունը Գերմանիային տեղի է ունենում նախագահ Էրդողանի՝ Գերմանիայում գտնվելու օրերին։ Վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահն այցելել է Գերմանիա։ ՆԱՏՕ-ի կազմում երկու դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են 2016 թվականին՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացիներ հայտնվեցին ճաղերի հետևում, շատ դեպքերում՝ առանց իրավական հիմնավորումների: