Մատչելիության հղումներ

Էրդողանին Բեռլինում դիմավորում են պատվո պահակախմբով և բողոքի ցույցերով


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ժամանել է Գերմանիա, Բեռլին, 27 սեպտեմբերի, 2018թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ժամանել է Գերմանիա, Բեռլին, 27 սեպտեմբերի, 2018թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր երկօրյա այցով մեկնել է Գերմանիա: Դա նրա առաջին պաշտոնական այցն է 2014 թվականին նախագահ ընտրվելուց և դրան հաջորդած սահմանադրական փոփոխություններով նոր լծակներ ստանալուց հետո:

Reuters-ի փոխանցմամբ, Բեռլինում Էրդողանին դիմավորում են ոչ միայն պատվո պահակախմբով և վարչապետի անունից տրվող պետական ճաշկերույթով, այլև բողոքի ակցիաներով:

Այս օրերին Գերմանիայի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Բեռլինում և Քյոլնում Էրդողանի աջակիցների և ընդդիմախոսների հնարավոր բախումները կանխելու համար:

Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների:

Ի շարս եվրոպական մի խումբ երկրների՝ Գերմանիան խստորեն դատապարտել է այլախոհների նկատմամբ Թուրքիայի իշխանության անհարկի կոշտ գործելակերպը` ներառյալ Գերմանիայի մի քանի քաղաքացիների ձերբակալությունը:

Լարվածությունը որոշ չափով նվազել է, երբ թուրքներն ազատ են արձակել գերմանական անձնագրերով ամբաստանյալներին, այդ թվում լրագրող Դենիզ Յուչելին:

Անկարան պնդում է, թե հեղաշրջումը կազմակերպել է Ամերիկայում բնակվող մահմեդական առաջնորդ Ֆեթուլա Գյուլենը: Նա Էրդողանի թիվ մեկ թշնամին է համարվում:

Անկարան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, բայց վեճ ունի նաև Գերմանիայի հետ:

Ըստ Էրդողանի վարչակարգի, Գերմանիան ապաստան է տրամադրում այդ առաջնորդի հետևորդներին՝ «գյուլենականներին»:

Էրդողանը բարդ ժամանակաշրջանում է մեկնել Գերմանիա, քանի որ լարված հարաբերություններ ունի և՛ Արևումտքի առաջատար Միացյալ Նահանգների, և՛ Եվրոպական միության առաջատար Գերմանիայի հետ:

Բացի այդ, Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է և ազգային տարադրամի՝ լիրայի աննախադեպ արժեզրկում, ինչը ոչ միայն թուրքական տնտեսության տկար վիճակի, այլև ամերիկյան պատժամիջոցների հետևանք է:

Չնայած Գերմանիայի հետ վեճերին, Էրդողանը հուսով է, որ այս այցը խթան կլինի առնվազն տնտեսական կապերի համար: Գերմանիայում 80 միլիոն բնակիչներից առնվազն 3 միլիոնը ծագումով թուրքեր են:

«Գերմանիայի ազգային շահերի համար չափազանց կարևոր է կայուն և բարգավաճող Թուրքիան, քանի որ, մի կողմից, դա պաշտպանում է գերմանական ներդրումները Թուրքիայում և, մյուս կողմից, երաշխավորում է ներգաղթյալների հարցում կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունը», - ասել է Բոննի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի չինացի պրոֆեսոր Գու Ջուվուն:

Մինչդեռ Բեռլինում Էրդողանի թուրք ընդդիմախոսները բողոքի ակցիաներ են ծրագրում:

«Ես համոզված եմ, որ մենք պարտավոր ենք դուրս գալ փողոցներ, ցույց տալ, որ մենք ազատ մամուլի, մարդու իրավունքների և դեմոկրատիայի պաշտպաններ ենք, և մենք պետք է ասենք մեր՝ Գերմանիայի կառավարությանը, որը ցանկանում է ողջունել Էրդողանին, որ դա սխալ որոշում է», - ասել է գերմանաբնակ թուրք Ֆերհաթ Ալին:

Թուրքիայի հարցերով գերմանացի փորձագետ Ուդո Շտանբախի համոզմամբ՝ այս այցը ձեռնտու է միայն Էրդողանին․ - «Սա Գերմանիայի իշխանության վրիպումն է: Միակ մարդը, ով կշահի, Էրդողանն է, նրա էգոն նորից կբավարարվի: Եթե այստեղ բախում լինի, դա կհարվածի Գերմանիայի իշխանությանը և թուրքերի ու ընդհանրապես մահմեդականների վարկին, ուստի, այցը որևէ օգուտ չի տալիս թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության տեսակետից»:

Բայց Գերմանիայում հավաքներ են կազմակերպում նաև Էրդողանի թուրք աջակիցները:

«Լավ է, որ եկել է, նա մեր նախագահն է, մենք թուրքական արմատներ ունենք, ուրեմն՝ բարի գալուստ», - ասել է Ֆաթհի Ապլայդինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG