Երեկ Բեռլինի Charite հիվանդանոցից դուրս է գրվել ռուսաստանցի այլախոհ ակտիվիստ Պյոտր Վերզիլովը:
"Война" արտիստիկ միավորման անդամ և Pussy Riot փանք խմբի հետ բողոքի համատեղ ակցիաներ իրականացնող Պյոտր Վերզիլովը սեպտեմբերի 11-ին առողջության կտրուկ վատթարացման կապակցությամբ նախ բուժում է ստացել մոսկովյան երկու հիվանդանոցներում, ապա օդանավով տեղափոխվել է Բեռլին՝ Charite հիվանդանոց:
Գերմանացի բժիշկներին հաջողվել է փրկել Վերզիլովին: Նրանք կարծիք են հայտնել, թե հիվանդին, ամենայն հավանականությամբ, թունավորել են:
Գերմանիայի իրավապահները ձեռնարկել են Վերզիլովին պաշտպանելու միջոցներ այն բանից հետո, երբ ստացել են տեղեկություն, որի համաձայն՝ անհայտ մարդիկ փորձում են Բեռլինում հետևել Վերզիլովի և նրա բարեկամների տեղաշարժին:
Ինքը Վերզիլովը ենթադրում է, որ իրենից վրեժ են լուծում Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ժամանակ դաշտ վազելու և բողոք հայտնելու համար, ինչը խիստ զայրացրել է ռուսաստանցի բարձրաստիճան ոստիկաններին:
Բացի այդ, նա ենթադրում է, որ իրեն ցանկանում են լռեցնել, քանի որ ինքը տեղեկություն ունի Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում երեք ռուս լրագրողների սպանության հանգամանքների մասին:
Այդ լրագրողները մեկնել էին Աֆրիկա «Վագներ» մասնավոր ռուսական ռազմական ընկերության մասին ֆիլմ նկարահանելու համար: