Մատչելիության հղումներ

«Պյոտրը գիտեր մի բան, որը չպետք է իմանար»


Ընդդիմադիր ակտիվիստ Պյոտր Վերզիլովին փոխադրել են «Շարիտե» հիվանդանոց, Բեռլին, 15-ը սեպտեմբերի, 2018 թ.
Ընդդիմադիր ակտիվիստ Պյոտր Վերզիլովին փոխադրել են «Շարիտե» հիվանդանոց, Բեռլին, 15-ը սեպտեմբերի, 2018 թ.

«Դա սպանելու կամ ահաբեկելու փորձ էր»

«Վոյնա» ընդդիմադիր արտիստիկ միավորման և Pussy Riot փանկ-խմբի բողոքի ակցիաների մասնակից Պյոտր Վերզիլովը դեռևս բուժվում է Բեռլինի հիվանդանոցում: Միտումնավոր թունավորման վարկածը հետզհետե ավելի արժանահավատ է դառնում:

Վերզիլովի նախկին կինը, որի հետ նա շարունակում է բարեկամական կապեր պահպանել և համագործակցել՝ Pussy Riot փանք-խմբի անդամ և ընդդիմադիր ակտիվիստ Նադեժդա Տոլոկոննիկովան ասել է, որ թունավորվելուց առաջ Պյոտրը տեղեկություն է ստացել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների սպանության հանգամանքների մասին:

Տոլոկոննիկովան նշել է, որ այդ փաստաթուղթը պահվում է Վերզիլովի հեռախոսի հիշողության կրիչում: Այդ մասին, դեռ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց առաջ, իրեն անձամբ Վերզիլովն է գրել: Ընդ որում, նրա թունավորումից հետո, այդ տեղեկությունը փոխանցած աղբյուրը հայտնել է, թե այլևս չի ցանկանում զբաղվել Աֆրիկայում երեք ռուս լրագրողների սպանության գործով:

Տոլոկոննիկովայի կարծիքով, Վերզիլովին կարող էին թունավորել ռուսական հատուկ ծառայությունները, և պատճառը հենց լրագրողների սպանության հանգամանքների հետաքննությունն է:

«Պյոտրը, երևի, գիտեր ինչ-որ բան, որը չպետք է իմանար, դա սպանելու կամ, առնվազն, ահաբեկելու փորձ էր»,- ենթադրում է Տոլոկոնննիկովան:

Ամռանը Աֆրիկայում ռուսաստանցի երեք լրագրող է սպանվել

Հունիսի վերջին Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առեղծվածային հանգամանքներում սպանվել են ռուսաստանցի լրագրող Օրխան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն, ովքեր աշխատել են «Վագների մասնավոր ռազմական ընկերության» մասին վավերագրական ֆիլմի վրա: Այդ մասին, չնշելով աղբյուրը, վերջերս հաղորդել է «Նովայա գազետա» թերթը, որի համաձայն, սպանված լրագրողներից ռեժիսոր Ռաստորգուևը Վերզիլովի ընկերն էր:

«Վագների մասնավոր ռազմական ընկերությունը» վարձկաններ է պատրաստում և ուղարկում հակամարտության տարբեր գոտիներ, մասնավորապես, Սիրիա: Ենթադրվում է, որ ընկերությունն աննուղակի ստանում է Կրեմլին մոտ կանգնած մեծահարուստների աջակցությունը:

«Վագներականների սպանդը Սիրիայում»

Այս տարվա փետրվարի 8-ին «վագներականների» մի մեծ ջոկատ, որը Սիրիայում սատարել է Բաշար ալ-Ասադի բանակին, Հաշամ բնակավայրի մոտ հարվածի է ենթարկվել ամերիկյան հրետանու և օդուժի կողմից և ծանր կորուստներ կրել: Պենտագոնի տվյալներով, սպանվել է շուրջ 100 վարձկան, ոչնչացվել է մեծ թվով տեխնիկա: «Դա իսկական մսաղաց էր»,- խոստովանել է ամերիկյան գրոհը վերապրած վարձկաններից մեկը:

Մոսկվան ընդունել է կորուստների փաստը, սակայն պնդել է, որ Ռուսաստանը պետական մակարդակով որևէ առնչություն չունի Սիրիա մեկնած քաղաքացիների հետ:

Միջադեպից հետո ռուսաստանյան և արևմտյան մամուլը փորձել է տեղեկություններ ստանալ «Վագների մասնավոր ռազմական ընկերություն» կառույցի մասին: Եվ, հավանաբար, Վերզիլովի հեռախոսի հիշողության կրիչում գտնվող ֆայլում կան որոշ տեղեկություններ «վագներականների» մասին ֆիլմ նկարահանելու նպատակով Աֆրիկա մեկնած ու սպանված լրագրողների մասին:

Առեղծվածային թունավորում

Սեպտեմբերի 11-ին Վերզիլովի առողջական վիճակն անսպասելի և կտրուկ վատթարացել է, նա ասել է, թե գլխապտույտ և սրտխառնոց ունի, ապա գանգատվել է, թե չի կարողանում խոսել ու շարժվել:

Նրա ընկերուհին՝ Վերոնիկա Նիկուշինան, շտապօգնություն է կանչել: Վերզիլովին տեղափոխել են հիվանդանոցի թունաբանության բաժին, որտեղից էլ հետագայում փոխադրել են շտապօգնության հիվադանոցի վերակենդանացման բաժանմքունք: Այնուհետև նրան օդանավով ուղարկել են Բեռլին, որտեղ բուժումը ստանձնել են «Շարիտե» հիվանդանոցի մասնագետները:

Օրեր անց նրանք հայտնել են, որ Պյոտր Վերզիլովի առողջական վիճակը բարելավվել է: Նրանք ասել են, որ հիվանդության առավել արժանահավատ բացատրությունը միտումնավոր թունավորումն է, հավելելով, թե կոնկրետ թույնի տեսակը պարզելու խնդիրը վերապահվում է իրավապահներին:

«Սպանության գործը հետաքննողները վտանգի տակ են»

ЮКОС ընկերության ունեզրկված նախկին սեփականատեր, նախկին բանտարկյալ, նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկին նույնպես կարծիք է հայտնել, որ Վերզիլովի թունավորումը կարող է կապ ունենալ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների սպանության հանգամանքների հետաքննության հետ:

Խոդորկովսկին մինչև օգոստոսի վերջ հանդիսացել է «Հետաքննությունների կառավարման կենտրոն» կազմակերպության համահովանավոր: Զոհված լրագրողներն այդ կազմակերպության հետ են համագործակցել: Խոդորկովսկին ասել է, թե բոլոր խմբերը, որոնք զբաղվում են այդ հետաքննությամբ, հիմա վտանգի տակ են, և կոչ է արել չհրապարակել Վերզիլովին փոխանցված տեղեկությունների բովանդակությունը:

Բողոքի ակցիա եզրափակիչի ժամանակ

Նադեժդա Տոլոկոննիկովան չի բացառում Պյոտրի թունավորման ևս մեկ վարկած, ասելով, թե Վերզիլովին գուցե չեն ներել Pussy Riot-ի բողոքի վերջին ակցիային մասնակցելու, Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընթացքում դեպի խաղադաշտ վազելու և քաղբանտարկյալների ազատությունը պահանջելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG