«Ընտրությունների ազնվության անդրատլանտյան կոմիտե» անվամբ դեմոկրատամետ խմբավորումը հաղորդել է, որ Մակեդոնիայում համացանցում ծավալվել է երկրի անվան հարցով հանրաքվեի դեմ հուժկու արշավ:
«Ընտրությունների ազնվության անդրատլանտյան կոմիտեի» անդամներից են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Նիք Քլեգը, անվանի փորձագետներ և վերլուծաբաններ:
Խմբավորումը նշում է, որ համացանցում ծավալված արշավի նպատակն է մակեդոնացիներին համոզել չմասնակցել սեպտեմբերի 30-ին կայանալիք հանրաքվեին: Այն կայացած կհամարվի, եթե մասնակիցների թիվը գերազանցի 50 տոկոսը:
Մակեդոնացիները պետք է հավանություն տան կամ մերժեն երկիրը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» անվանելու գաղափարը:
Դրական արդյունքը կընձեռի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն:
Հունաստանը 27 տարի շարունակ պահանջում է փոխել «Մակեդոնիա» անունը, քանի որ իր տարածքում ունի այդ անվամբ շրջան և հարևան երկրի այդ անունը համարում է տարածքային ոտնձգություն:
Հարցումները վկայում են, որ ընտրողների ավելի քան 70 տոկոսը կողմ է երկրի անունը փոխելուն, սակայն մոտ 58 տոկոսն է մտադիր գործնականում գնալ տեղամասեր և քվեարկել:
Արևմտյան փորձագետները չեն բացառում, որ հանրաքվեի դեմ քարոզչություն իրականացնողների թվում են ոչ միայն Մակեդոնիայի ազգայնական շրջանակները, այլև ռուս գործակալները, քանի որ Մոսկվան դեմ է Մակեդոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Մակեդոնիայի ներկայիս պաշտոնական անունն է «Նախկին Հարավսլավիայի Դաշնության Մակեդոնիայի Հանրապետություն»: