Մատչելիության հղումներ

Իրանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի առաջին օրվա գլխավոր թեմա


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, 25-ը սեպտեմբերի, 2018թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, 25-ը սեպտեմբերի, 2018թ․

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի առաջին օրն աչքի ընկավ նախևառաջ Իրանի շուրջ բուռն քննարկումներով: Առաջինն այս թեմային անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` մեղքերի մի պատկառելի շարան վերագրելով իսլամական հանրապետության ղեկավարներին:

«Իրանի ղեկավարները քաոս, մահ և ավերածություն են սփռում: Նրանք չեն հարգում իրենց հարևաններին, նրանց սահմանները և ազգերի ինքնիշխան իրավունքները: Փոխարենը, Իրանի առաջնորդները թալանում են ազգային հարստությունը, գնում են ինքնահարստացման ճանապարհով և անկայունություն են տարածում Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս», - հայտարարում էր Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը ՄԱԿ-ում հնչեցրած ելույթում մեկ անգամ ևս պաշտպանեց Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային ծրագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումը` պնդելով, որ փաստաթուղթը զուրկ էր հստակ երաշխիքներից:

«Մենք չենք կարող աշխարհում ահաբեկչության առաջատար հովանավոր հանդիսացող պետությանը թույլ տալ, որպեսզի այն մոլորակի ամենավտանգավոր զինատեսակներն ունենա: Մենք չեն կարող հանդուրժել մի վարչակարգ, որը վանկարկում է «Մահ Ամերիկային» և Իսրայելին ոչնչացմամբ է սպառնում: Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին մեկուսացնել Իրանի վարչակազմը, քանի դեռ այն շարունակում է ագրեսիվ գործողությունների դիմել», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը:

Թրամփի ելույթից քիչ անց ՄԱԿ-ի ամբիոն բարձրացավ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ամերիկային ուղղված նրա քննադատությունը պակաս կոշտ չէր:

«Միացյալ Նահանգների կառավարությունը, կամ գոնե գործող վարչակազմը, կարծես որոշել են նվազեցնել բոլոր միջազգային կառույցների արդյունավետությունը», - հայտարարում էր Հասան Ռոհանին` նշելով, որ ԱՄՆ-ի` Իրանի հանդեպ որդեգրած սխալ քաղաքականությունը բնորոշ է ոչ միայն Թրամփի նախագահության տարիներին:

«Ես միանշանակորեն հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ ի սկզբանե սխալ է եղել: Իրանի ժողովրդի իղձերին հակադրվելու քաղաքականությունը, որ պարբերաբար ի հայտ է գալիս հատկապես ընտրությունների շրջանում, դատապարտված է ձախողման», - հայտարարում էր Իրանի նախագահը:

Հասան Ռոհանիի խոսքով՝ եթե Վաշինգտոնում ցանկանում են իրական երկխոսություն ծավալել Իրանի հետ, ապա նախևառաջ պետք է վերջ տան երկրի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմին:

«Որևէ ազգ կամ պետություն չի կարող ուժով բերվել բանակցային սեղանի շուրջ: Երկխոսությունն ինքնին երկկողմանի գործընթաց է: Այն պետք է հիմնված լինի հավասարության, արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքների վրա` արտացոլելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը:[Իրանի միջուկային ծրագրին վերաբերող] ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը թղթի հասարակ կտոր չէ: Մենք կոչ ենք անում ձեզ վերադառնալ այդ փաստաթղթի դրույթների կատարմանը: Մենք կոչ ենք անում ձեզ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», - դիմելով ամերիկացիներին՝ հայտարարում էր Իրանի նախագահը:

ՄԱԿ-ի ամբիոնից Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին էր խոսում մեր տարածաշրջանի ևս մեկ խոշոր պետության` Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը կոչ էր անում Միացյալ Նահանգներին պատժամիջոցները չվերածել միջազգային հարաբերությունների գլխավոր գործիքներից մեկին:

«Առևտրային պատերազմները վնասում էին մարդկությանն իր գոյության բոլոր ժամանակաշրջաններում: Ցավոք սրտի, մենք այժմ գտնվում ենք նմանատիպ ևս մեկ դարաշրջանի շեմին: Մենք չենք կարող լռել, երբ միակողմանիորեն չեղարկվում են առևտրային համաձայնագրերը, հովանավորչությունը ծաղկում է, իսկ պատժամիջոցները որպես զենք են կիրառվում: Այդ գործողությունների բացասական հետևանքները զգալու են աշխարհի բոլոր պետությունները», - հայտարարում էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG