Մատչելիության հղումներ

Ըստ Երանոսյանի, այդ օրերին կային հատուկ միջոցներ կիրառելու հիմքեր. փաստաբան


Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյան, արխիվ
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյան, արխիվ

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցեց՝ հեղափոխության օրերին Երևանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, և այդ միջոցները կիրառվել են։

Փաստաբանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ դա եղել է այն ժամանակ, երբ ցուցարարներից ոմանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։

Փաստաբան. - Ճիշտն ասած մենք էլ չենք հասկանում ինչ է նշանակում, ոստիկանության մասին օրենքը և ոստիկանության զորքերի մասին օրենքի համաձայն հատուկ միջոցներ կարող են կիրառել հատուկ պատրաստականություն անցած ծառայողները։ Հիմա այդ նորմը վկայակոչելով՝ Հատուկ քննչական ծառայությունը գտել է, որ պարոն Երանոսյանը, որպես ոստիկանության զորքերի հրամանատար, իրավունք չուներ կիրառելու։

«Ազատություն». - Իսկ նռնակներ կիրառած մյուս ոստիկանները և՞ս իրավասու չեն եղել՝ հաշվի առնելով մեղադրանքի պատճառաբանական մասը։

Փաստաբան. - Ես չգիտեմ կիրառողներն ովքեր են, մեղադրանքն առաջադրվել է Լևոն Երանոսյանի կողմից կիրառելու համար։

«Ազատություն». - Լևոն Երանոսյանը Ձեզ ասե՞լ է, թե այդ օրերին ով է հատուկ միջոցներ կիրառելու հրաման տվել և ինչպես է դա տեղի ունեցել։

Փաստաբան. - Ոստիկանության ցանկացած ծառայող հրազեն, հատուկ միջոցներ կիրառելու իրավունք, որոշ դեպքերում նաև պարտականություն ունի՝ օրենքով նախատեսված նախապայմանների առկայության դեպքում, պարտադիր չէ հրաման տալու դեպքում նրանք որոշեն հրազեն կամ հատուկ միջոց կիրառել։

«Ազատություն». - Այսինքն՝ Երանոսյանն ունե՞ր այդ իրավասությունն՝ արձակելու հրաման, կամ որոշում կայացնելու, որ պետք է իր ստորադասները կիրառեն այդ միջոցները։

Փաստաբան. - Պարոն Երանոսյանն իր ցուցմունքում, որպես կասկածյալ, հակիրճ նշել է, որ ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային կիրառելու պայմաններ, հիմքեր, և այդ միջոցները կիրառվել են։

«Ազատություն». - Որո՞նք են այդ հիմքերը։

Փաստաբան. - Մանրամասն չեմ կարող ասել, բայց դա եղել է այն ժամանակ, երբ որ ցուցարարներից ոմանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, մասնավորապես կադրերում երևում է՝ քարեր, այլ առարկաներ նետելը ոստիկանների ուղղությամբ։

«Ազատություն». - Նկատի ունեք Բաղրամյան փողոցի վրա՞ կիրառված հատուկ միջոցների ժամանակը, թե՞ ապրիլի 22-ին՝ Արցախի փողոցում։

Փաստաբան. - Բաղրամյանում հստակ երևում է, և ըստ ցուցմունքի՝ Արցախի պողոտայում էլ են տեղի ունեցել բախումներ, և այդ բախումները կանխելու, դրանք ավելի մեծ, զանգվածային բախումների չվերածելու նպատակով կիրառվել են հատուկ միջոցներ։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Խոսքը վերաբերում է ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ մասնավորապես լուսաձայնային նռնակներ կիրառելուն։

Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG