Մատչելիության հղումներ

Լևոն Երանոսյանը կասկածվում է հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ


Լևոն Երանոսյան, արխիվ

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կասկածվում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Խոսքը վերաբերում է ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանության կողմից հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ մասնավորապես լուսաձայնային
նռնակեներ կիրառելուն։

Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը։

Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քննչական գործողությունների մասնակցելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ գեներալ լեյտենանտը, սակայն, համաձայն չէ նախաքննական մարմնի հետ և պնդում է, որ գործել է իր լիազորությունների սահմաններում։

«Ազատության» հարցին, թե արդյոք Երանոսյանը հրաման էր ստացել, թե ինքն էր որոշել հատուկ միջոցներ կիրառել, փաստաբան Սաֆարյանն արձագանքեց․ - «ՀՀ օրենսդրությամբ պարտադիր չի, որ ոստիկանության ծառայողը հատուկ միջոց կամ զենք կիրառի հրամանով: Էդ միջոցների կիրառման նախապայմաններ կան, և եթե էդ պայմանները բավարում են, ապա ոստիկանության ծառայողը առանց հրամանի կարող ա կիրառել»:

Արդյո՞ք Երանոսյանը կատարել է «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված գործողությունները, որոնք պարտադիր են հատուկ միջոցներ կիրառելու համար: Այս հարցին նրա փաստաբանը պատասխանեց․ - «Երանոսյանը անձամբ դժվար թե կատարեր, բայց ոստիկանությունը տեսանյութերից երևում ա, որ կատարել ա»:

Տիգրան Սաֆարյանն ասաց, որ Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի սեպտեմբերի 19-ից և ըստ օրենքի յոթօրյա ժամկետում նախաքննական մարմինը կամ պետք է մեղադրանք առաջադրի նրան կամ էլ դադարեցնի քրեական հետապնդումը։

Լևոն Երանոսյանը ոստիկանության զորքերի հրամնատարի պաշտոնից ազատվել է 2018-ի մայիսին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն։

Ոստիկանությունն ամիսներ առաջ Ազատության հարցմանն ի պատասխան նշել էր, որ հատուկ միջոցներ է կիրառել ապրիլի 13-ից սկսած ցույցերը ցրելու համար։ Ընդհանուր առմամբ, կիրառվել էր 11 հատուկ միջոց։ Ըստ ոստիկանության, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում կիրառվել էր «Զարյա-2» տեսակի լուսաձայնային 4 նռնակ, «Սվիրել» (ԱՍԶ-40) տեսակի 40 մմ լուսաձայնային 2 արկ։

Ապրիլի 22-ին Արցախի փողոցում կիրառվել էր «Զարյա-2» տեսակի լուսաձայնային 5 նռնակ։

Ոստիկանությունը նշել էր, որ ընդհանուր առմամբ վնասվածքներ են ստացել 26 ոստիկանության ծառայողներ:

Այդ օրերին կիրառված հատուկ մկջոցներից հիվանդանոցներ էին տեղափոխվել ավելի քան 60 քաղաքացի։

Ապրիլի 16-ից հետո, ոստիկանության արդեն նախկին շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե կիրառվող միջոցներն անվտանգ են։

Ապրիլի 16-ին վնասվածք էր ստացել նաև ցույցերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը։Նա այդ օրը ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ոստիկանները համաձայնել էին թույլ տալ միայն նրա և մյուս երեք պատգամավորների մուտքը: Փաշինյանը փորձել էր արգելափակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը: Ոստիկանները խոչընդոտել էին նրա և նրան հետևող ցուցարարների առաջխաղացումը, ինչին հաջորդել էր քաշքշուկը, ինչից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել։ Փաշինյանը և ևս երեք ոստիկան վնասվածքներով տեղափոխվել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։

Ապրիլի 22-ին Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրել էր Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձել էր ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվել էր ընդդիմադիր երեք պատգամավորների, այդ թվում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG