Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր մեկնում է Բաքու


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում, արխիվ

Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում այսօր Բաքու է մեկնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն այս մասին հայտարարել էր դեռ անցած շաբաթ՝ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կալաշնիկովը նաև ասել էր, որ Բաքվում լինելու են լուրջ պայմանավորվածություններ, նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովը հայտարարել է, որ Պուտինի այցը Բաքու կարևոր այց է լինելու։

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն, իր հերթին, հայտարարել է, թե այցի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր՝ ռուսական զենքի շուրջ նոր համաձայնագրի հարցը, ռազմատեխնիկական համագործակցության նոր ուղղություններ։

Ադրբեջանցի պատգամավորը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։

Բաքու այցից հետո երկու երկրների ղեկավարներն այցելելու են Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 28-ին տեղի է ունենալու ԱՊՀ երկրների գագաթնաժողովը։

Նշենք, որ վերջին անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են սեպտեմբերի 1-ին Սոչիում։ Ալիևը Սոչի էր այցելել մեծ պատվիրակությամբ, և ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր։ Սոչիում համատեղ ասուլիսին Ալիևը խոսել էր ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, թե վերջին տարիներին Ադրբեջանը շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է գնել Ռուսաստանից։

Պուտինի այցի օրերին Ադրբեջանում անցկացվելու է ռազմական ցուցահանդես, որտեղ ներկայացված է լինելու նաև ռուսական ռազմական տեխնիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG