«Հարկ եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանին վաճառած զենքը կրակել, կրակում և հավանաբար կրակելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ: Սա մտահոգիչ է», - հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ այսօր Մինսկում ելույթ ունենալով Հայաստանի և Բելառուսի միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ:
Ի թիվս մի շարք հարցերի անդրադառնալով նաև ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը մասնավորապես նշել է. - «Հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կարևորվում են ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մեր երկու պետությունների անդամակցությամբ: Անվտանգության հարցերը շարունակում են առանցքային լինել մեր տարածաշրջանի համար: Դեռևս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին»:
«Վերջին շրջանում ադրբեջանական ուժերը հաճախակի կրակ են արձակում Հայաստանի սահմանակից շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտում է: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է դատապարտեն նման ապակառուցողական քաղաքականությունը», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Շարմազանովը:
Բելառուսը Ադրբեջանին «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել, ինչը պաշտոնական Երևանը քննադատում է: