Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետն ու նախագահը ցավակցել են Հասան Ռոհանիին


Հասան Ռոհանի, արխիվ
Հասան Ռոհանի, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դեմ պայքարում: Խստորեն դատապարտելով կատարվածը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»:

ԻԻՀ նախագահին ցավակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Իրանում՝ Ահվազ ավանում հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ընթացքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, որի հետևանքով սպանվել է առնվազն 24 մարդ, վիրավորների թիվը հասնում է 60-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG