Իսրայելի օդուժի հրամանատարը Մոսկվայում պաշտոնատար անձանց հետ «պրոֆեսիոնալ, բաց» քննարկում է անցկացրել շաբաթասկզբին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռուսական հետախուզական ինքնաթիռի խոցման կապակցությամբ։
Գեներալ-մայոր Ամիկամ Նորկինի՝ երեկ Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցից հետո Իսրայելի ռազմական գերատեսչության տարածած հայտարարությունում ասվում է, որ «հանդիպումները անցել են լավ մթնոլորտում, և ներկայացուցիչների միջև տարբեր հարցերի շուրջ մասնագիտական, բաց և թափանցիկ քննարկումներ են կայացել»:
Իլ -20 ռազմական հսկողության ինքնաթիռի կործանման հետևանքով 15 ռուսաստանցի զինծառայող է զոհվել:
Մոսկվան հայտարարում է, թե Սիրիայի երկնքում հատուկ առաջադրանք կատարող իսրայելական կործանիչները թաքնվել են ռուսական օդանավի թիկունքում, և այդ պատճառով է այն հայտնվել Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի թիրախում: