Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է Անկախության օրը


Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 27-ամյակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․ - «1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձևակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ և ունակ զգանք դրանք իրականություն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձևավորվի յուրաքանչյուրիս կողմից։ Մեզ պարտավորեցնում են այն մարդկանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության, ովքեր մոտեցրին այն, բայց չհասցրին տեսնել: Մենք պարտք ունենք նրանց առաջ»:

«Մեր պատմության դասերից մեկն այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել։ Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան», - ընդգծում է նախագահը:

«Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք մեկ ամբողջություն ենք համաշխարհային միջավայրում: Ուրեմն՝ ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք: Դարձնենք այդ բոլորը մեր հետագա հաղթանակների շարժիչ ուժը, դարձնենք բոլորս միասին՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներով, աշխարհասփյուռ հայությամբ, համահայկականությամբ», - շեշտում է Արմեն Սարգսյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, որ հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է․ - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք կառուցելու արդար հույսերով, հաղթահարելով բազում դժվարություններ և կրելով մեծ զոհողություններ: Մեր ձեռքբերումները և վերընթաց ուղին այսօր քաջալերանք են մեզ՝ հայրենիքով միասնական և համերաշխ ոգով իրագործելու մեր բոլոր իղձերը, արիությամբ դիմագրավելու ներկա մարտահրավերները և նվիրումով ու սիրով շենացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը: Այս տեսլականով մաղթում ենք մեր ժողովրդին հայրենյաց սիրո նորոգված ոգի, գործելու նորոգված եռանդ ու պատասխանատվություն և նոր հաղթանակներ»:

Տոնի կապակցությամբ Հայաստանի ղեկավարությանը շնորհավորական ուղերձներ են հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ երկրորդը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և վարչապետ Լի Կըցյանը, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և այլ պետությունների ու կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Անկախության օրվա միջոցառումներն այս տարի անցնում են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, և դրանց հիմնական կիզակետը կլինի Երևանի Հանրապետության հրապարակը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը երեքշաբթի օրը Հանրապետության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ նշել էր, որ միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է «աննախադեպ և տարբերվող»՝ իր «սփռվածությամբ և ապակենտրոնացվածությամբ»։

«Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ լինելու են փակ երթևեկության համար։ Միջոցառումն անցնելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, և սա շատ հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր ունեցած փորձը, երբ յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է և ուղերձը հղվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ «Դու անկախ ես» կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին, և դրանով մենք ուզում ենք ընդգծել այն պատասխանատվությունը, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի՝ գիտակցելով, որ ինքն անկախ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասել էր Էդուարդ Աղաջանյանը։

«Այն բոլոր բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներառելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն և մշակութային բոլոր շերտերը։ Շատ կարևոր տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից, երբ կային հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ-որ չափով ելույթ ունենալու մենաշնորհից պետության կողմից կազմակերպված միջոցառումներից, դուք կտեսնեք բոլորովին նոր դեմքեր՝ երիտասարդ, տաղանդավոր դեմքեր», - նշել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Աղաջանյանի խոսքով՝ այսօր կրկին կլինի վարչապետի մոտ ընդունելություն, բայց ոչ թե ինչպես նախկին իշխանությունների օրոք էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլ Բաղրամյան 26-ում՝ Հայաստանի կառավարության ղեկավարի նստավայրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG