Մատչելիության հղումներ

Դանիել Իոաննիսյան․ Հին ավանդույթները դեռևս գործում են


Ընտրակաշառք առաջարկելու դեպքով երկրորդ քրեական գործն է հարուցվել։

Դատախազության փոխանցմամբ՝ ավագանու անդամի թեկնածուներից մեկը 10 հազար դրամ է առաջարկել Երևանի մի բնակչուհու: Գումարը խոստացել է ընտրություններին մասնակցող իրենց ուժի օգտին քվեարկելու դիմաց: Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, ինչպես 3 օր առաջ ընտրակաշառք առաջարկելու դեպքով հարուցված գործը, այս մեկն էլ դեռևս չեն ստացել։ Նախորդ դեպքում, ըստ դատախազության, ընտրակաշառքի առաջարկ անողները պատրաստ են եղել մեկ քվեի համար վճարել 60 հազար դրամ, նույնիսկ՝ ավելին։

Դատախազությունը թե՛ առաջին դեպքում, թե՛ այսօր չի բացահայտում, թե քաղաքապետի ընտրություններին մասնակցող որ ուժերի օգտին են կաշառք առաջարկողները կոչ արել քվեարկել։

«Քաղաքական ուժերի անվանումներն այս պահին չեն հրապարակվում՝ ելնելով նախաքննության շահերից, ինչպես նաև քաղաքական գործընթացների վրա ցանկացած հնարավոր ազդեցություն բացառելու անհրաժեշտությունից», - «Ազատությանը» պարզաբանեցին Գլխավոր դատախազությունից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ահազանգ են ստացել, որ ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիրը» տեղամասային հանձնաժողովի անդամներին ցանկացել է ներքաշել քարոզչության մեջ, ինչը, նրա խոսքով, անօրինական է։

Իրազեկ քաղաքացիների միավորումը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ավագանու ընտրություններում իրականացնում է դիտորդական առաքելություն։

Իոաննիսյանը մանրամասնեց՝ իրենց դիմել է ՕԵԿ անդամ Լուսինե Ջանոյանն ու պատմել, որ ինքն ու մայրը Կենտրոնի երկու տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվել են հանձնաժողովի անդամներ, ինչից հետո իրենց կանչել է Երևանի ավագանու թեկնածու Լիանա Մանուկյանը և պահանջել հանձնաժողովի անդամի 55 հազար դրամ աշխատավարձի դիմաց 10 ձայն բերել կամ ինքնաբացարկ հայտնել, որ այդ գումարը ստանան կուսակցության համար «ձայն բերողները»:

Ջանոյանները, ըստ Իոաննիսյանի, հրաժարվել են քարոզել «Օրինաց երկրի» համար, տվել են ինքնաբացարկի դիմումներ, անգամ դուրս են եկել կուսակցությունից: Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ Իոաննիսյանի, միջամտել է, և նրանք վերականգնվել են։

«Խիստ մտահոգիչ է երկու բան: Նախ, որ հանձնաժողովի անդամներից կուսակցությունը պահանջում է, որ քարոզչություն անեն: Իսկ ես ասեմ, որ հանձնաժողովի անդամը իրավունք էլ չունի քարոզչություն անելու՝ եթե անգամ ինքը ցանկանա: Եվ երկրորդը, ո՞նց է «Օրինաց երկիրը» հանձնաժողովում մարդ նշանակել, եթե «Օրինաց երկիրը» խորհրդարանական ուժի չի այլևս: Ու այստեղ, երբ մենք փորձեցինք պարզել, պարզվեց, որ իրենք նշանակվել են տարածքային հանձնաժողովից: Բայց իրենք պնդում են, որ իրենց նշանակումը կուրացիա է արվել հենց կուսակցությունից: Ինչից մենք գալիս ենք էն եզրահանգման, որ տարածքային հանձնաժողովը նշանակել է հենց այն անձանց, ում «Օրինաց երկիր» կուսակցությունից ասել են», - նշեց Իոաննիսյանը:

Նա տարակուսած է՝ «Օրինաց երկիրը» խորհրդարանական ուժ չէ, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների 10 անդամներից 8-ին նշանակում են խորհրդարանական կուսակցությունները, 2-ին՝ տարածքային հանձնաժողովները․ - «Սա նշանակում է, որ այն հին ավանդույթները, որոնք որ կային երկար ժամանակ, դեռևս գործում են: Որ չորս կուսակցությունները, ովքեր կոալիցիա էին կազմում ժամանակին՝ Հանրապետական, «Բարգավաճ», Դաշնակցություն և ՕԵԿ, որոնք այն ժամանակ փաստացի ստացան իբր պրոֆեսիոնալ տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը, այդ ավանդույթը շարունակվում է, և իրենք, գոնե «Օրինաց երկիրը» շարունակում է տարածքային հանձնաժողովներում մարդ նշանակել»:

Իրազեկ քաղաքացիների միավորումը ստացած ահազանգը հրապարակել է կազմակերպության «Սուտ․ամ» կայքում։

«Օրինաց երկիր» փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չմեկնաբանեց ո՛չ Իոաննիսյանի հայտարարությունները, ո՛չ էլ հրապարակումը: Ասաց, թե կփորձի ճշտել, բայց համոզված է, որ թյուրիմացություն է եղել։

Ի դեպ, ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ ուսումնասիրել են «Սուտ․ ամ» կայքում «ՕԵԿ-ը ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա» հոդվածը, և հրապարակման առթիվ նյութեր են նախապատրաստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG