Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքով երկրորդ քրգործն է հարուցվել. դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:

Ըստ դատախազության, 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկին ընտրելու դիմաց:

«Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մերգելյան զբոսայգում, կուսակցություններից մեկի՝ ավագանու անդամի թեկնածուն վերոնշյալ քաղաքացուն առաջարկել և խոստացել է 10 հազար դրամ գումար՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունը նշում է՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը նախաքննություն կատարելու համար Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Գլխավոր դատախազությունում ևս մեկ քրեական գործ էր հարուցվել սեպտեմբերի 14-ին Երևանի Նազարբեկյան փողոցի մի բնակչի ընտրակաշառք առաջարկելու փաստով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG