Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական «Բարեկամության պայմանագիրը» չի երկարաձգվի


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդարանում հանդես է գալիս տարեկան ուղերձով, Կիև, 20-ը սեպտեմբերի, 2018թ.

Ուկրաինայի արտգործնախարարությունն այսօր պաշտոնապես Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը տեղեկացնելու է «Բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին» պայմանագիրը չերկարաձգելու մասին:

Այդ փաստաթուղթը երկու երկրները ստորագրել են 1997 թվականի մայիսին: Այն ուժի մեջ էր մտել 1999 թվականի ապրիլին՝ տասը տարի ժամկետով, որը Մոսկվայի և Կիևի կողմից առարկություններ չներկայացնելու դեպքում մեխանիկորեն երկարաձգվում է ևս տասը տարով:

2009 թվականին այն մեկ անգամ երկարաձգվել է: Այս տարվա հոկտեմբերին սպառվում է ժամկետը, որի ընթացքում կողմերը կարող են հայտնել պայմանագիրը երկարաձգելու կամ չեղարկելու մասին: Եվ ահա Կիևը Մոսկվային պաշտոնապես տեղեկացնում է փաստաթղթից հրաժարվելու մասին:

«Մենք այդ մասին ոչ միայն Ռուսաստանին, այլև բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում, իհարկե, Միավորված Ազգերի Կազմակերպությանն ենք տեղեկացնելու», - ասել է Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը:

Սեպտեմբերի 17-ին նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կարգադրությունը Ռուսաստանի հետ Բարեկամության պայմանագիրը դադարեցնելու մասին: Այժմ հրամանագիրը պետք է վավերացվի Գերագույն Ռադայում:

Կիևը հետևողականորեն շարունակում է Արևմուտքի հետ մերձենալու նախաձեռնությունները: Գերագույն Ռադան ընդունել է եվրատլանտյան ինտեգրման օրինագիծը, որը ներկայացրել է Սահմանադրական դատարանի քննարկմանը:

Այդ ատյանի դրական եզրակացության պարագայում օրինագիծը կքվեարկվի Գերագույն Ռադայում: Այն կընդունվի, եթե դրա օգտին քվեարկի Ռադայի առնվազն 300 պատգամավոր:

Խորհրդարանին հասցեագրած տարեկան ուղերձում նախագահ Պորոշենկոն երեկ ասել է, որ Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիրը երկրի համար դառնում է առաջնահերթություն: Նա հավաստիացրել է, որ 2020 թվականին Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Ռուս-ուկրաինական համակարտությունը սրվել է այն բանից հետո, երբ ի պատասխան Արևմուտքի հետ կապերն ընդարձակելու Կիևի քաղաքականության ռուսները գրավել են Ղրիմը, և Մոսկվայի աջակցությունը վայելող անջատականները պատերազմ են սկսել Ուկրաինայի արևելքում:

Հակադարձելով այդ գործողություններին՝ Արևմուտքը քաղաքական և տնտեսական խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

2014 թվականի ապրիլից սկիզբ առած պատերազմի ընթացքում, այսօրվա դրությամբ, սպանվել է ավելի քան 10 հազար 300 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG