Մատչելիության հղումներ

Զոհրաբյան․ Ինձ վիրավորողներից յուրաքանչյուրը իրավական դաշտում պատասխան է տալու


ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր երեկոյան իր քարոզարշավն անցկացրեց Կենտրոն համայնքում։

Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը բաժանում է երկու մասի. - «Առաջինը, որ ընտրակաշառք չկա, հույս ունենք՝ վարչական ռեսուրս չի լինի։ Իսկ երկրորդը՝ այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով կոնկրետ իմ ու Արտակ Զեյնալյանի հասցեին խիստ ուղղորդված, համակարգված, առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավերից։ Սա մեկ բանի մասին է խոսում, որ իրենք թույլ են, վախեցած, խուճապի մեջ են»։

Ի պատասխանելով «Ազատության» դիտարկմանը, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր իր այն հայտարարությանը, թե պետական մակարդակով տեռոր է ընթանում թեկնածուի նկատմամբ ու, որ վարչապետը հանձնարարել է ոստիկանությանը զբաղվել այդ հարցով, Նաիրա Զոհրաբյանը ասաց. - «Ես շատ շնորհակալ եմ, որ պարոն վարչապետը արձագանքել է։ Կարծում եմ՝ փաստերը, որ ես այսօր տրամադրել եմ ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին՝ հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, որ ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր ամենաանբարո, ամենախուլիգան, ամենավիրավրական հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը։ Դա ես չեմ ներելու, պատասխան եք տալու։ Ամբողջ կյանքս դնելու եմ նրա վրա, որ դուք՝ բոլորդ, հատ-հատ իրավական հարթության մեջ պատասխան տաք դրա համար։ Սա ես դարձնելու եմ իմ կյանքի նպատակը։ Ձեզանից յուրաքանչյուրը իրավական դաշտում պատասխան է տալու։ Իմ հայտարարությունից հետո շատերն ափալ-թափալ մաքրել են իրենց գրառումները, բայց զուր. գերակշիռ մեծամասնությունը մեր ձեռքի տակ է, արդեն միջազգային բոլոր կառույցներում է։ Առաջիկա օրերին սպասեք նաև միջազգային կառույցներից շատ կոշտ և խիստ գնահատականներ։ Դուք ամենավատ ծառայությունը մատուցեցիք Նիկոլ Փաշինյանին, դուք ամենավատ ծառայությունը մատուցեցիք Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»։

Անդրադառնալով իրենց ծրագրին՝ Զոհրաբյանն ասաց, որ այն տարբերվում է մյուս քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրից. - «ԲՀԿ միակն է, որը լուծումներից բացի, առաջարկում է նաև կոնկրետ ներդրումային փաթեթներ։ Ասում ենք՝ ծրագիրը կա, միլիոնավոր դոլարների ներդրողները կան»։

ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն ասաց նաև, որ իր քաղաքապետ դառնալու դեպքում բոլորի առաջարկած ծրագրերը հաշվի է առնելու, բացի մեկից. - «Ինձ համար ընդունելի չէ մի քաղաքական ուժ, որը բաժանում է անում սև ու սպիտակի։ Իմ ընտրվելու դեպքում՝ Երևանի կառավարում եմ հրավիրելու բոլոր քաղաքական ուժերին, խնդրելու եմ տալ պրոֆեսիոնալ կադրեր, որովհետև բոլորի ծրագրերում ես տեսել եմ շատ կարևոր կետեր, և բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին, բացառությամբ մեկի՝ ասում եմ, որ մենք ձեզ հետ միասին ենք կառավարելու Երևանը»։

XS
SM
MD
LG