Մատչելիության հղումներ

«Ռուսները կփորձեն միջամտել Մակեդոնիայի հանրաքվեին». Մաթիս


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը Սկոպյեում, 17-ը սեպտեմբերի, 2018թ.
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը Սկոպյեում, 17-ը սեպտեմբերի, 2018թ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը Մակեդոնիայում ասել է, որ Ռուսաստանը կարող է դրամական միջոցների և քաղաքական ազդեցության լծակներով փորձել միջամտել Մակեդոնիայում երկրի անվանման հարցով անցկացվելիք հանրաքվեին:

«Կասկած չկա, որ նրանք [ռուսները] գումարներ են փոխանցել և փորձում են ազդեցություն գործել», - նախազգուշացրել է Մաթիսը մայրաքաղաք Սկոպյեում:

Նրա փոխանցմամբ, դեռ հնարավոր չէ ասել, թե արդյոք ռուսներին կհաջողվի կանխել հանրաքվեի դրական պատասխանը:

Արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շաբաթներին պարբերաբար այցելում են Մակեդոնիա և կոչ են անում դրական պատասխանով լուծել 1991 թվականից ծագած վեճը հարևան Հունաստանի հետ, ինչը Մակեդոնիային կընձեռի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն:

Մոսկվան կտրականապես դեմ է Մակեդոնիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Հարցումների արդյունքները վկայում են, որ մակեդոնացիների գերիշխող մեծամասնությունը մտադիր է «այո» ասել սեպտեմբերի 30-ին նախատեսված հանրաքվեում, սակայն այն կայացած կհամարվի, եթե քվեարկի ընտրելու իրավունք ունեցող 1 միլիոն 800 հազար քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը:

Եթե հանրաքվեն կայանա և դրական արդյունք գրանցի՝ երկիրը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն»:

Երկրի ներկայիս պաշտոնական անվանումն է «Նախկին Հարավսլավիայի Դաշնության Մակեդոնիայի հանրապետություն»:

Հունաստանը դեմ է «Մակեդոնիա» անվանմանը, քանի որ ունի նման անունով տարածք և այդ անվանումը դիտում է որպես տարածքային ոտնձգություն:

Թե՛ Մակեդոնիայում, թե՛ Հունաստանում ազգայնական շրջանակները դեմ են «Հյուսիսային մակեդոնիայի հանրապետություն» անվանմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG