Մակեդոնիայի հազարավոր բնակիչներ մայրաքաղաք Սկոպյեում երթ են անցկացրել՝ երկրի անունը փոխելու ու ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու օգտին:
Ցուցարարները կոչ են արել սեպտեմբերի 30-ի հանրաքվեին «այո» ասել Հյուսիսային Մակեդոնիա անվանը:
27 տարի շարունակված վիճաբանությունից, հակասությունից հետո այս տարվա հունիսին Աթենքն ու Սկոպյեն համաձայնեցին, որ Մակեդոնիան այսուհետև կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիա։
Հիշեցնենք՝ պաշտոնական Աթենքը չէր ընդունում Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը, որ երկիրն ընտրել էր նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո, քանի որ Հունաստանի հյուսիսային նահանգը ևս կոչվում է Մակեդոնիա:
Չլուծված հակասությունը խոչընդոտ էր Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության ճանապարհին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Աթենքը կհանի իր առարկությունները: